Մհեր Գրիգորյանն ու Ջիհադ Ազուրը քննարկել են բարեփոխումների երեք կարևոր ուղղություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրին: ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ ձևավորված համագործակցության մակարդակը և կարևորել Հիմնադրամի կողմից իրականացվող վերլուծություններն ու աջակցությունը: Փոխվարչապետը ընդգծել է, որ ԱՄՀ-ի հետ համագործակցության ծրագրում ներառված են բոլոր արդիական խնդիրները և հավաստիացրել, որ «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագիրը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են ժամանակացույցին համաձայն:

ԱՄՀ տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հայտնել ԱՄՀ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործընթացում՝ հաշվի առնելով ԱՄՀ կուտակած փորձն ու գիտելիքները:

Մհեր Գրիգորյանն ու Ջիհադ Ազուրը քննարկել են բարեփոխումների երեք կարևոր ուղղությունները՝ հարկային վարչարարության բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը և պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը՝ անդրադառնալով յուրաքանչյուր ուղղության հիմնական նպատակներին և իրականացման միջոցներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկարաժամկետ ռազմավարությունների մշակման և տարածաշրջանային ծրագրերի իրականացման կարևորության շուրջ: