Քարոզչական բացթողո՞ւմ, թե՞ բանակի թերագնահատում (տեսանյութ)

Վերջերս մամուլում շրջանառվեց տեղեկատվություն, որ Ադրբեջանի հետ սահմանին՝ Տավուշի մարզում, գրանցվել է հայկական բանակի դիրքերի բարելավում․ «հայկական բանակը ռազմավարական բարձունքներ է գրավել Ադրբեջանի հետ սահմանին՝ ազատագրելով 140 հեկտար տարածք»։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում բավականին զուսպ  գրառում կատարեց․ «ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»։

Դիրքերի բարելավումը խոսնակը որակեց որպես մշտական գործընթաց ու այլ մանրամասներ չհաղորդեց։

Անկեղծ ասած, զարմացնող էր հայկական բանակի, մեր զինվորների կողմից  գրանցված նման հաջողության առնչությամբ դրսևորված սակավախոսությունը, իշխանության կողմից բավական երկար պահպանված լռությունը։ Եվ դա այն դեպքում, երբ մեր հակառակորդ երկիրը՝ Ադրբեջանը  սահմանային ամենաչնչին հաջողության դեպքում դեպքում գործի է դնում  իր քարոզչամեքենան՝ հսկայական ռեսուրսներ ծախսում ու ներկայացնում որպես հսկայական ձեռքբերում։

Մինչդեռ, հայկական բանակի կողմից 140 հա տարածքի ազատագրման փաստի  շուրջ հայաստանյան իշխանական վերնախավը օրեր շարունակ լռություն պահպանեց․ միայն երեկ նկատվեցին  ֆեյսբուքյան մի քանի արձագանքներ․․․

Սա տարօրինակ էր նաև այն առումով, որ վարչապետ Փաշինյանը, որն ամենաչնչին առիթներով սիրում է «լայվ» մտնել, անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ժողովրդի ուշադրության առարկա  դարձրեց իր փոքր դստեր ծննդյան օրը, մինչդեռ բանակի արձանագրած հաջողության մասին շարունակում է լռություն պահպանել։

Քաղաքագետն Սերգեյ Շաքարյանցի դիտարկմամբ, սրանով իշխանությունը, թերևս փորձում է ստվերել մեր բանակի ձեռքբերումը, մինչդեռ այն կարող էր որպես քարոզչական տեղեկատվություն օգտագործվեր։

Մեր զինվորներն իրենց կյանքի գնով են պահում մեր հայրենիքի սահմանները, հետևաբար, ցանկացած հաջողություն պետք է բարձրաձայնվի, առավել ևս, երբ այն իր մեջ պետական կամ ռազմական  գաղտնիք չի պարունակում, դրանով  ոգևորելով թե՛ մեր հասարակությանը և թե՛ սահմանին կանգնած մեր հերոսներին։