Մենք բանանային պետություն չե՛նք, Ամուլսարը սար է մնալու, Հայաստանն էլ պոչամբար չի՛ դառնալու (տեսանյութ)

Ամեն մի ոչ կարևոր իրադարձության ժամանակ ֆեյսբուքյան ուղիղ եթերներով իր խոսքը «սիրելի ժողովրդին» ուղղող վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ լռում է ու հստակ կարծիք չի հայտնում մեր երկիր համար կարևոր հարցերից մեկի՝ Ամուլսարի խնդրի առնչությամբ։ Մինչդեռ քաղաքագիտական շրջանակները թե՛ Ամուլսարի, թե՛ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցերը Փաշինյանի համար փորձաքարեր են համարում։

Եվ այսօր Ամուլսարի խնդրով Բաղրամյան 26-ում փակ հանդիպում կայացավ՝ վարչապետի և բնապահպանների, Ջերմուկ համայնքի ավագանու, Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստների և խնդրով շահագրգիռ այլ անձանց միջև։

Մինչ վարչապետը շահագրգիռ անձանց հետ քննարկում էր ԷԼԱՐԴ ընկերության փորձագիտական եզրակացության արդյունքները, զուգահեռաբար նախագահականի մուտքի մոտ ընթանում էր բողոքի ակցիա․ մասնակիցները պարզել էին «Ամուլսարն առանց հանքի» պաստառներ:

«Եթե մի քրջոտ «Լիդիան»-ի ճնշմանը չեք դիմանում, վաղը ավելի լուրջ ճնշումներին ինչպե՞ս պետք է դիմանաք, բարձր ձայնով պետք է լացեք»,- դիմելով իշխանությանը՝ հայտարարում էր ակցիայի մասնակիցներից մեկը։

Բնապահպանների կողքին կանգնած էր նաև Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը հայտարարեց․ «Փորձագիտական երեք ընկերություններ բացասական եզրակացություն են տվել, բայց ինչո՞ւ պետք է հավատամ ինչ-որ մի լիբանանյան ընկերության։ Մի կողմում բնապահպանական ռիսկերն կան, մյուս կողմից՝ տնտեսական շահ»։

Մինչ ակտիվիստները կոչեր ու հայտարարություններ էին հնչեցնում, վարչապետի հետ հանդիպումից բնապահապանները դուրս եկան վրդովված: Նրանք պնդում էին, որ հանդիպումն իրականում ոչ կառուցողական էր, քանի որ վարչապետը հիմնվում էր միմիայն քննչական կոմիտեի ներկայացրած փաստաթղթերի վրա։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ այս պահին նոր փորձաքննության անհրաժեշտություն չեն տեսնում, ու հեռացավ ոստիկանների ուղեկցությամբ․․․

Բնապահպան Նազենի Վարդանյանն իր հերթին հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը խոստացել է նոր փորձաքննություն իրականացնել։

Իրարամերժ հայտարարություններ, վիճաբանություն, բազմաթիվ ոստիկանների շուրջկալում հայտնված ակտիվիստներ․․․ Բաղրամյան պողոտայում երկար ժամանակ կրքերը չէին հանդարտվում։

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշում կայացրին քննարկումը շարունակել Ազգային ժողովի բակում, բայց խորհրդարանի դռների մոտ նրանց անակնկալ էր սպասում․ ոստիկանական պատը թույլ չտվեց ակցիայի մասնակիցներին ներս մտնել, այնուհետև նրանց միացան կարմիրբերետավորները, մասնակիցներից շատերը որոշեցին ուղևորվել Ջերմուկ քաղաք․․․

Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել․ դեռ մեկ տարի առաջ էր, որ մեր ժողովրդի առաջ հանդիսավոր կերպով բացվեցին Ազգային ժողովի դարպասները․ իշխանության ներկայացուցիչներն ու անձամբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ այսուհետ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ավելին, ասում էր, իրենց դուռն է, կուզեն՝ կջարդեն․․․ Տրվեցին խոստումներ ժողովրդական ինստիտուտների ձևավորման, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստելու մասին։ Մինչդեռ այսօր ականատես եղանք հակառակին՝ ոստիկանական ուժերը ամեն կերպ խոչընդոտում էին խաղաղ ցույցի իրականացմանը, ինչպես նաև ակտիվիստներին թույլ չտվեցին Ազգային ժողովի այգում կազմակերպել քննարկում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Հրապարակելով եզրակացությունը՝ Քննչական կոմիտեն հայտարարեց՝ հիմքեր չկան Ամուլսարի գործով քրեական հետապնդումներ իրականացնելու համար և ըստ ամենայնի գործերը կարճվելու են: Քննչական կոմիտեի այս եզրակացությունը մասնագիտական շրջանակների կողմից խիստ քննադատության արժանացավ։ Իսկ Ջերմուկի բնակիչներն ու բնապահպաններն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են իրականացնում:

Ժողովուրդը վճռական է տրամադրված, հնչում են հայտարարություններ, որ թույլ չեն տալու Ամուլսարը հանք դառնա․ Ամուլսարը սար է մնալու, Հայաստանը պոչամբար չի դառնա։

Մանրամասները՝ տեսանյութում