Ապրիլյան քառօրյայի մասնակից Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան

Այսօր Ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է: Ադամն այսօր կդառնար 23 տարեկան:

Ադամը  ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում՝ լրագրող և ռեժիսոր Գայանե Անտոնյանի և շինարար Խաչատուր Սահակյանի ընտանիքում։

2002 -2013 թթ. սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան 114 ավագ դպրոցում, այնուհետև ընդունվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետադիզայներական ֆակուլտետը: Ադամը նաև զբաղվում էր մարտարվեստով և բռնցքամարտով:

Պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով Կենտրոնի զինկոմիսարիատից։ 2015 թ․ հունվարի 26-ին զորակոչվել է բանակ, ծառայել ԼՂՀ ՊԲ-ում:

Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է սերժանտի կոչում:

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու կողմից 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ յոթ զինվորից բաղկացած սահմանապահ ուժերն անցնել են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանն իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկել է հերոսի մահով առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում:

Ադամ Սահակյանի և իր ընկերների՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին:

2016 թվականի սեպտեմբերի 1-ին 114 դպրոցում, որտեղ սովորել է Ադամը, բացվել է նրա անունը կրող դասասենյակ:

2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։

2016 թվականի մայիսի 28-ին Ադամը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։