Սահմանային լարվածությամբ թշնամին այլ հարցեր է լուծում

Հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի իրադարձությունները շատ քիչ առնչություն ունեն Նախիջևանից եկող այն վտանգների հետ, որոնց մասին մեկ տարի շարունակ բարձրաձայնել է և այդպես էլ պատասխան չի ստացել. այս մասին այսօր ասել է հետախույզ Վովա Վարդանովը։

«Իրականում սահմանային լարվածությամբ հակառակորդն այլ  հարցեր է լուծում․  այն լուծում է  երկրորդ գծի դատարկման հարցը, որովհետև շատ հաճախ մենք ռազմական գործից չենք հասկանում, նույնիսկ բարձրաստիճան զինվորական գործիչները չեն հասկանում։ Երկրորդ գիծը սահմանին մոտ ապրող սահմանապահ բնակիչն է։ Փաստորեն, այնտեղից բնակչին հանելով՝ մեր երկրորդ գիծը դատարկվում է»։

Վովա Վարդանովը նկատել է, թե  հայկական կողմը հայտնվել է «ռինգի» անկյունում, այսինքն՝ թշնամին հարվածներ է հասցնում ցանկացած ուղղությունից, և եթե հանկարծ այնպիսի հարված հասցնի, որ առաջնագիծը ճեղքի, ապա երկրորդ գիծը դատարկ է մնալու։

«Այս ամենն այսպես է շնորհիվ մեր ռազմաքաղաքական ղեկավարության՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, առանց ընդհատումների մինչև Նիկոլ Փաշինյան։ Մեզ մոտ սահմանապահի փոխարեն՝ բնակչությանը դարձնում են սահմանամերձ»,- շեշտել է  Վարդանովը։