Ամերիկյան զինվորականները «ստրես են ապրում» իրանական ԻՀՊԿ-ի հետ հանդիպումներից

Իրանական զինվորականները տեսանելիորեն ապացուցեցին աշխարհին, որ նրանք խոսքի և գործի մարդիկ են: Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ի հրամանատարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ԱՄՆ Պենտագոնը և արևմտյան լրատվամիջոցները ստում էին՝ պնդելով, թե բրիտանական «HMS Montrose» ֆրեգաթը իբրև «վախեցրել է» իրանական ծովափնյա պահպանության մոտորանավակները (հուլիսի 11) և նրանց թույլ չի տվել ձերբակալել բրիտանական նավթային լցանավը՝ Պարսից ծոցի կամ Հորմուզի նեղուցի տարածքում:

Եվ ահա, հուլիսի 18-ին ԻՀՊԿ-ն հայտարարեց, որ Պարսից ծոցում օտարերկրյա լցանավ են ձերբակալել վառելիքի մաքսանենգության կասկածանքով: Սակայն չէր նշվում, թե ո՞ւմ լցանավն էր: Կալանավորվել են լցանավի անձնակազմի 12 անդամներ, նրանց ազգային պատկանելիությունը չի նշվում: Associated Press ամերիկյան գործակալությունը հաղորդել է, որ իրանական հեռուստատեսությամբ հրապարակված մաքսանենգության կասկածանքով ձեռբակալված լցանավի լուսանկարներում պատկերված է անհետացած Riah նավը՝ կցված ԱՄԷ-ին: Իրանական լրատվամիջոցների տվյալներով, լցանավը իրանցի մաքսանենգներից գնված վառելիք էր մատակարարում օտարերկրյա գնորդներին:

Իսկ հուլիսի 19-ին Իրանի անգլալեզու «Press TV» հեռուստաալիքը և իրանական ISNA գործակալությունը հաղորդեցին, որ ԻՀՊԿ-ն ձերբակալել է Հորմուզի նեղուցով անցնող բրիտանական նավթային լցանավը։ Հեռուստաալիքի հաղորդմամբ, լցանավը ձերբակալվել է միջազգային ծովային իրավունքի խախտման համար: «Interfax.ru» ռուսական գործակալությունը պարզաբանել է, որ «Stena Impero» լցանավը, որը գնում էր Սաուդյան Արաբիա, հանկարծ շեղվել է ուղուց և ուղղվել դեպի հյուսիս՝ իրանական Կեշմ կղզի, որտեղ տեղակայված է Իրանի ԻՀՊԿ ռազմածովային բազան: Բրիտանական կառավարությունը շտապեց ստուգել լցանավի մասին տեղեկությունները, որը Հորմուզի նեղուցի մոտակայքում հանկարծի շեղվել էր ուղուց․ այդ մասին իր կայքում հուլիսի 19-ին գրել էր «The Guardian» անգլիական թերթը։ Հետաքրքիր նյուանսներից մեկը․Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ այդ տարածաշրջանում հերթապահում են ռազմական նավեր, բայց լցանավի մասին դեռ տեղեկություններ չունեն։ Հերթապահողը, հավանաբար, նույն «HMS Montrose» ֆրեգաթն էր, և թե ինչպես է, որ անգլիացի զինվորականները չեն «նկատել», որ բրիտանական դրոշի տակ գտնվող լցանավը հանկարծակի գնաց իրանական ափերի մոտ, մեզ մնում է միայն կռահել:

Հուլիսի 19-ին ուշ երեկոյան «Stena Impero» լցանավի օպերատորը հաստատեց իր ձերբակալման մասին տեղեկատվությունը: Ինչպես հայտնեցին Stena Bulk & Northern Marine Management-ում, հուլիսի 19-ին «Stena Impero»-ին մոտեցել են անհայտ փոքր նավեր և ուղղաթիռ։ Նշվում է, որ բրիտանական լցանավը այդ ժամանակ գտնվում էր «միջազգային ջրերում»: Միևնույն ժամանակ պարզվեց, որ առաջին ձերբակալված լցանավը, չնայած, որ գնում էր Միացյալ Արաբական Էմիրությունների դրոշի տակ, իրականում նույնպես հանդիսանում է բրիտանական ընկերության սեփականություն: Ավելին, CNN- ի ամերիկյան հեռուստաալիքը, հղում անելով ռազմական հետախուզությանը, տեղեկացրեց, որ հուլիսի 19-ին ԻՀՊԿ-ն ձերբակալել է ոչ թե մեկ լցանավ, այլ երկու` Լիբերիայի դրոշի ներքո գտնվող, բայց նույնպես անգլիական սեփականություն համարվող «MV Mesdar» լցանավը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հաստատել է, որ իրանական անվտանգության ուժերը, իրոք, հուլիսի 19-ին ձերբակալել են բրիտանական և լիբերիյան դրոշների տակ լողացող լցանավերը․ այս մասին տեղեկացրեց BBC-ին։ Հանթն «անընդունելի» համարեց նավերի ձերբակալումն ու խոստացավ, որ բրիտանական կառավարությունը կքննարկի հարցը, թե ինչպե՞ս իշխանությունները կարող են «ապահովել երկու նավերի ազատ արձակումը»: Այսպիսով, Իրանը պահեց իր խոսքը` հրամանը տրված էր և ԻՀՊԿ-ն ջանասիրաբար ձերբակալեց երեք բրիտանական լցանավերը:

Հիշեցնենք, որ հակամարտությունը ծագեց այն բանից հետո, երբ Ջիբրալթարի իշխանությունները (իմա՝ բրիտանական գաղութ) հուլիսի 4-ին ԱՄՆ իշխանությունների հրամանով ձերբակալեցին իրանական «GRACE 1» լցանավը: Անձնակազմի չորս անդամներին մեղադրեցին իրանական նավթը Սիրիա մատակարարելու մեջ, շրջանցելով ԵՄ պատժամիջոցները՝ ձերբակալեցին: Հետագայում նրանք գրավով ազատ արձակվեցին: Իսկ Իրանում խոստացել էին պատասխանել Ջիբրալթարի իշխանությունների գործողություններին, եթե բրիտանական կառավարությունն ազատ չարձակի լցանավն ու ամբողջ անձնակազմին և ներողություն չխնդրի։ Պատկերավոր ասաց, ձերբակալված լցանավերի հարցով հաշիվը 3։1 է՝ Իրանի օգտին։ ԻՀՊԿ-ն տեսանելիորեն ապացուցեց, որ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ցանկացած նավ ձերբակալելը բավականին իրագործելի խնդիր է Իրանի ծովային սահմանապահների և ծովափնյա պաշտպանության համար: Ոչ մի անգլիական կամ որևէ այլ մեկի «ֆրեգաթներն» ի վիճակի չեն խանգարել Իրանին, եթե իրանական զինվորականները ստանում են համապատասխան հրաման:

Համացանցն այժմ լի է ԱՄՆ-ից և Անգլիայից ռազմական նավաստիների և օդաչուների գլխավերևում իրանական անօդաչու թռնող սարքերով նկարված լուսանկարներով ու տեսանյութերով։ Իրավիճակն, ըստ երևույթին, այնքան էր «բորբոքել» ամերիկացիներին, որ նրանք, այն էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մակարդակով, հուլիսի19-ին զարմացրեցին աշխարհին, հայտարարելով՝  իբր թե ԱՄՆ ՌԾՈՒ նավը խոցել է իրանական անօդաչու թռչող սարք։

«Հետախուզական սարքը գտնվում էր Հորմուզի նեղուցում ամերիկյան նավից գրեթե 900 մետրի վրա: Անօդաչու սարքն անմիջապես ոչնչացվել է», — ասել է Թրամփը․ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Թրամփի խոսքերով, անօդաչու սարքը սպառնալիք էր ներկայացնում ամերիկյան  նավի համար: Թրամփը կոչ արեց նաև այլ երկրներին պաշտպանել իրենց նավերը: Սակայն վերջինիս  հայտարարությունից մեկ ժամ անցած, Թեհրանը նույնպես արձագանքեց, և բավականին բարձր մակարդակով:

«Մենք ոչ մի անօդաչու սարք չենք կորցրել ո՛չ Հորմուզի նեղուցում, ո՛չ էլ ինչ-որ այլ վայրում», — հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արագչին և ենթադրեց, որ ԱՄՆ զինված ուժերը խոցել են սեփական անօդաչու սարքը. «Մենք մտահոգված ենք, որ ամերիկյան «Boxer» նավը սխալմամբ խոցել է ամերիկյան ԱՕԹՍ»: ԻՀՊԿ-ն իր հերթին, խոստացավ հրապարակել անօդաչուի սարքի լուսանկարները, որոնք արվել են ինչպես ամերիկացիների՝ այն խոցելու հայտարությունից առաջ, այնպես էլ՝ հետո։ Իրենց հայտարարության մեջ Իրանի զինվորականները ավելացրել են, որ շարունակում են վերահսկել օտարերկրացիների, հատկապես, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի «ահաբեկչական ուժերի» բոլոր տեղաշարժները՝ Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում հրապարակել է Իրանի և ԱՄՆ սահմանների քարտեզը՝ Սպիտակ տանը հիշեցնելով ԱՄՆ սահմանների և այլ երկրների տարածքները հարգելու անհրաժեշտության մասին։ Եվ դա մեկնաբանել է մեկ բառով` «Հիշեցում»: Հստակ ու լակոնիկ ոճով, բայց մատչելի` արևելյան դիվանագիտությանը համապատասխան՝ «քթներտ մի խոթեք մեր սահմաններից ներս»․ հաղորդում էր Mehr News գործակալությունը։ Իսկ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ ծովակալ Ալի Ֆադավին Թեհրանում սպաների ժողովի ժամանակ հայտարարել է, որ «ԱՄՆ զինված ուժերը սթրես են ապրում Պարսից ծոց մտնելուց և Իրանի զինված ուժերի հետ հանդիպման ժամանակ»: Եթե ​​ ծովակալ Ֆադավին ճիշտ է, ապա պարզ է, որ «Boxer» նավի ամերիկյան նավաստիներն իրականում կարող էին խոցել իրենց անօդաչու սարքը․սթրեսը լուրջ խնդիր է, այն ենթակա է բուժման․․․

Սակայն եթե ավելի խորը մտածել, ապա ԻՀՊԿ-ի նավաստիների կողմից իրականացված բրիտանական լցանավերի ձերբակալման երեք գործողություններն ապտակ են ոչ միայն Անգլիային և ԱՄՆ-ին, այլև ամբողջ Արևմուտքին: Եվ ահա, Իսպանիան, իսկ Իսպանիայից հետո՝ նաև Հնդկաստանն ու Պակիստանը հրաժարվել են մասնակցել ԱՄՆ հակաիրանական ծովային արկածախնդրությանը: Թուրքիան կտրականապես հրաժարվում է մասնակցել ցանկացած հակաիրանական գործողության, հատկապես, իրանական ծովափին մոտ գտնվող «ծովային պահնորդությունից»: Կարծես թե, սթրեսը վարակիչ է …

Սերգեյ Շաքարյանց