Ռազմական տեխնիկայի ներմուծման անակնկալներ կլինեն․ Արտակ Դավթյան

 «Այն, ինչ հայտարարվել է, լրացուցիչ բան չեմ ասի, միայն կասեմ, որ այս տարի և եկող տարվա ընթացքում՝  պայմանագրերի հիման վրա, սկսվել  և շարունակվելու է բավականին  պրոֆեսիոնալ ռազմական տեխնիկայի ներկրումը: Ընդ որում, տվյալ ռազմական տեխնիկան վերաբերվում է հակաօդային, հակահրթիռային պաշտպանության էլեմենտներին, հեռահար խոցման, ճշգրիտ խոցման միջոցներին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շեշտել է, որ  նաև ավելացվելու են հետախուզության  կրակային հզորությունները մեր զինված ուժերում: «Հետախուզությունը պետք է ճիշտ հետախուզի, կրակային խոցումը՝ ճիշտ խոցի, այդ երկուսի համադրելիությունը թույլ է տալիս ավելի կարճ ժամկետներում ավելի հստակ խոցել»,- ասաց Դավթյանը:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծեց, որ երկու օր առաջ եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: «Այնտեղ արդեն փորձարկումներ անցել են իրենց ռազմարդյունաբերության կողմից մշակված որոշակի ռազմական տեխնիկայի նմուշներ, հիմնականում նշանոցներ, հակաօդային պաշտպանության և կրակի կառավարման միջոցներ: Համագործակցության շրջանակներում հույս ունենք Արցախի Հանրապետությունից վերցնել նման միջոցներ, որովհետև բավականին արդյունավետ են, գին-որակ համադրության մեջ մեզ համար բավականին հետաքրքիր են»,- ասաց Արտակ Դավթյանը:

Ինչպես հայտնի է, հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ պայմանավորվածության համաձայն Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռները Հայաստանում կլինեն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին; Արտակ Դավթյանին հարց ուղղվեց, արդյոք նոր սպառազինության տեսակներ ձեռք բերելո՞ւ են։ Պատասխանն այսպիսին էր. «Չեմ կարող հիմա դրա մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»: