Համահայկական 7-րդ ամառային խաղերի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել (տեսանյութ)

Արցախում անցկացվող Համահայկական 7-րդ ամառային խաղերի վերաբերյալ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել:

ԱՀ ԱԱԾ հայտարարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով, որ սույն թվականի օգոստոսի 6-ից 9-ը Արցախի Հանրապետությունում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներգրավված են լինելու մեծ թվով մարզիկներ եւ մարզիչներ, ինչպես նաեւ այս օրերին մենք հյուրընկալելու ենք մեծ թվով զբոսաշրջիկներ, համահայկական նշանակության միջոցառումը անվտանգ ու բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով ԱՀ ԱԱԾ Տնօրենի հրամանով ծառայության աշխատակիցները առաջիկա օրերին ծառայություն են իրականացնելու ուժեղացված ռեժիմով:

Սիրելի հայրենակիցներ, ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ից 10-ը ծառայությունում գործելու է թեժ գիծ: Կասկածելի անձ կամ իր նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել շուրջօրյա գործող 047-94-41-26 հեռախոսահամարով»: