Ճանաչեք Արցախն ու միշտ եղեք Արցախի բարեկամը

Նախօրեին Ասկերանի շրջանի Պատարա համայնքում տեղի է ունեցել «ԱրՊՀ-2019» ուսանողական միջազգային ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը:

Ողջունելով ճամբարականներին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այս մի քանի օրերը նշանակալի դեր կունենան իրենց կյանքում և կստիպեն ՀՀ ու արտերկրի ուսանողներին, ճանաչելով Արցախը, կրկին վերադառանալ և միշտ լինել Արցախի բարեկամը:

ԱՀ պետնախարարը կարևորել է նման ճամբարների կազմակերպումը՝ հույս հայտնելով, որ դրանք հիմք կհանդիսանան տարբեր համալսարանների ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման համար:

Միջոցառմանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ նշել է, որ ճամբարն իրականացնում է կարևոր առաքելություն:

Նախարարը հավաստիացրել է, որ հաջորդ տարի ուսանողներին հնարավորություն կտրվի ճամբարում հանգստի օրերը վայելել 1 շաբաթից ավելի:

«Կարծում եմ՝ ցանկացած երևույթ, որը կարոտ է ծնում, երանելի է: Իսկ ճամբարային կյանքը այդպիսին է: Վստահ եմ՝ ուսանողները կարոտելու են այստեղ անցկացրած օրերը»,- ավելացրել է Ն. Աղաբալյանը:

Ճամբարում ուսանողների անցկացրած առօրյային անդրադարձել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ ճամբարի ամենամեծ խորհրդանիշը թերևս այն է, որ հաստատվեց դրա հավիտենականությունը, և Արցախի պետական համալսարանի ամառային դպրոց-ճամբարը, կազմակերպված ՀՀ ու Աբխազիայի, Օսեթիայի, Մերձդնեստրյան Հանրապետության եղբայր համալսարանների հետ, արդեն կլինի հավերժի ճամփորդ:

Ա. Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Արցախի Հանրապետության բուհերի ուսանողների համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը տեսանելի էր նաև ճամբարի օրերին:

Փակման հանդիսավոր արարողությանը ուսանողները հանդես են եկել հումորային ծրագրով, երգ ու պարով:

Միջոցառմանը ներկա էին   ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: