Փաշինյանի հայտարարությունը մի քիչ անպարկեշտ ու անպատասխանատու էր․ Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Իրատես» թերթի  հոդվածի հրապարակման վերաբերյալ վարչապետի արձագանքին՝ նշելով, որ Փաշինյանի որակումը բավականին կոպիտ էր։

«Փաստորեն վարչապետը լրատվամիջոցներին կոչել էր, թե նրանք ինչ-որ «ռոբասերժական» աղբյուրներից են սնվում, նրանց մոտ ոչինչ չի փոխվել։ Սա առաջին անգամը չէ, որ վարչապետը և նրա ընտանիքն անդրադառնում են մամուլի ֆինանսավորման խնդիրներին։ Սա շատ զարմանալի է, քանի որ նրանք լինելով մամուլի աշխարհի ներկայացուցիչ՝ շատ լավ հասկանում են, թե Հայաստանում ինչպես է այս ինդուստրիան զարգանում»,- ասաց Աղասի Ենոքյանը։

Հիշեցնենք, օրերս «Իրատես» թերթը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևան ընկերոջ ծննդյան տոնին Երևանից մեկնել է ուղղաթիռով։ Հրապարակումից օրեր անց արձակուրդում գտնվող վարչապետն արձագանքեց հրապարակմանը, մասնավորապես, նշելով. «Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սևանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջևան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի: Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չէր պատասխանում: Նաև զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր նման լուրերին վստահությամբ են վերաբերվում:

Բա ժողովուրդ ջան, տասնյակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել, հիմա էլ ուզում են համոզել, թե էսօրվա կառավարությունն էլ է նույն կերպ ձեզ խաբում-թալանում: Նրանց ասածի իմաստն էն է, որ մենք ավելի լավ էինք խաբում-թալանում. ընթացքում ձեզ որդնած բրինձ էինք բաժանում, ատամի պրոտեզ, ընտրակաշառք…. Իսկ մի շարք լարատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից:Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից՝ ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում՝ լրագրող ու ցուցարար:

Բայց դե մենք սահմանափակված ենք օրենքով և արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաև այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի և իրավունքի հիման վրա։ Ասեմ նաև, որ ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»,- գրել է Փաշինյանը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը նկատեց․ «Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը մի քիչ անպարկեշտ ու անպատասխանատու որակում էր»

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ ամեն ինչ պետք է լուծվի օրենքի սահմաններում, Աղասի Ենոքյանն ասաց՝ այստեղ խոսքը ոչ այնքան օրենսդրական կարգավորման, որքան պատժամիջոցների մասին է։