Դիմում եմ իրավապահ մարմիններին՝ մի կնոջ բռնելով չսահմանափակվեք․ ազատամարտիկը Եռաբլուրում կատարված վանդալիզմի մասին

«Կատարվածը բառերով ասելու չէ: Սա ամբողջ մեր ազատամարտի ընտանիքի զայրույթն է բարձրացրել: Եռաբլուրում ոչ միայն ապրիլյան պատերազմի տղաների շիրիմներ էին պղծվել, այլև արցախյան ազատամարտի տղաների: Ընդհանուր 21  շիրիմ է պղծվել: Եռաբլուրը մեր բոլորի սրբությունն է, մեր ազգի հպարտությունն ու պատմությունը, մեր ազատագրական ամբողջ ճանապարհը: Այնտեղ ամփոփված են լավագույն տղերքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԿՄ նախկին վարչության անդամ Ռոմիկ Մխիթարյանը` անդրադառնալով երեկ Եռաբլուրում կատարված վանդալիզմին՝ ապրիլյան պատերազմի մեր հերոսների շիրիմների պղծության փաստին։

Տեղեկացնենք, որ ոստիկանության փոխանցմամբ՝ Երևանի բնակիչ 51-ամյա կինն այրված մոմ էր լցրել շիրմաքարերին, ասելով, թե Բարձյալն իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին՝ անեծքը հանելու համար։  Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ռոմիկ Մխիթարյանը, սակայն տարակուսում է՝ ինչպե՞ս կարող է այս ամենը մի կին կատարել:

«Ամեն քարի վրա կոնկրետ ծես է կատարվել, դա զգացվում է: Մի մարդը չէր կարող սա անել. 21 շիրիմ այստեղ, դրանից առաջ՝ 68 շիրիմ Եղվարդի գերեզմաններում, և երեկ էլ՝ Դավիթաշենում: Ժամանակին Եռաբլուր պանթեոնը համարվում էր զորամաս, և այնտեղ պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվորները պահակային ծառայություն էին կատարում: Այսօրվա դրությամբ այս ահռելի տարածքը՝ 29 հա, մի գիշերային պահակի հույսին է: Կամ կոնկրետ պետք է վերականգնվի զորամասի կարգավիճակը և այնտեղ նորմալ ծառայություն տարվի, կամ էլ տեսախցիկներ պետք է տեղադրեն: Եթե այս ամենը չարվի, ապա մենք՝ ազատամարտիկներս, պատրաստ ենք շուրջօրյա հերթապահություն կազմակերպել, բայց դրա հետևանքներն անկանխատեսելի են լինելու: Եթե դրանցից մեկն ընկնի մեր ձեռքը՝ ես չգիտեմ, թե ինչ կլինի:

Նաև դիմում եմ իրավապահ մարմիններին, որ մի կնոջ բռնելով՝ չսահմանափակվեն, սա անպայման բացահայտել է պետք: Իմ կարծիքով՝ սա ինչ-որ մեկի կողմից ուղղորդվող խմբավորում է: Սա մեր ազգի համար վտանգավոր երևույթ է,  գալիս է նաև նրանից, որ տարիներ առաջ  ինչ-որ մի պետության կամ կառույցի հաճոյանալու համար թողեցինք, որ մեզ մոտ աղանդավորները հանգիստ ինչ ուզեն՝ անեն: Այսօր էլ նոր ծրագիրի՝ «Ստամբուլյան կոնվենցիան»: Այս ամենը մի շրջանակի մեջ է ու իրար շարունակող երևույթներ են: Մենք ավանդույթ պահպանող, ընտանիք պաշտող ազգ ենք, ու դարեր շարունակ սա է մեզ պահել: Այն դրույթները, որ այդ կոնվենցիայի շրջանակներում  ներկայացնում են, այն է՝ ընտանիքում բռնություն չլինի, և այլն, այդ ամենը Քրեական օրենսգրքում  ամրագրված է: Ի՞նչ կարիք կա՝ դրա քողի տակ մտցնել ԼԳԲՏ-ներին ու եսիմինչերին»,- հավելեց Ռոմիկ Մխիթարյանը: