Ո՞ւմ են ուզում փոխանցել Իջևանում անտառահատումների բիզնեսը (տեսանյութ)

Հուլիսի 17-ին Իջևանում Հայաստան – Վրաստան միջպետական ավտոմայրուղին փակելու միջոցով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ բողոքի ակցիայի հանգուցալուծումը մինչև օրս անորոշ է: Հայտնի չէ՝ ովքե՞ր էին հրահրել ակցիան և ի՞նչ նպատակներով։ Առայժմ այդ ամենի մասին կարելի է միայն ենթադրություններ անել։

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Իջևանում տեղի ունեցածն այլ պատճառներ ունի։ Ինչպես մեզ տեղեկացրեց մեր աղբյուրը, կառավարության ղեկավարն ու իրավապահ մարմինները ծառահատումների կազմակերպումը խստացնելու միջոցով հովանավորում են որոշ պաշտոնյաների, որոնք էլ մտադրություն ունեն անտառահատման բավականին շահութաբեր բիզնեսն իրենց ձեռք առնել։

Իջևանում կառուցված փայտամշակման՝ ԴՈԿ ՌԱՍԼ գործարանը պատկանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանի հորը՝ Ռոբերտ Ղազարյանին։ Թեև գործարանը վաղուցվանից չի գործում, բայց գործարանին կից կառուցված ռեստորան-հյուրանոցը, ինչպես նաև շինանյութի հսկայական խանութը մեծ պահանջարկ ունեն Իջևանում։ Եվ մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Ղազարյանների ընտանիքը մտադիր է թեկուզ մասամբ վերագործարկել նաև փայտամշակման գործարանը, իսկ Իջևանի մոտակա անտառները ծառայեցնել որպես գործարանի համար փայտանյութի աղբյուր։ Հենց դրանով էլ պայմանավորված են կառավարությա կողմից իրականացված խստացումները, որպեսզի փայտի գործ անող ներկա բիզնեսմեններին հնարավոր լինի հեռացնել ոլորտից և անտառը կտրելու մենաշնորհը տալ մի քանի պաշտոնյաների։

Նրանց մեջ շրջանառվում է նաև Գլուխ Աշոտի՝ ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Աշոտ Երիցյանի անունը, որն, ըստ իջևանցիների, Իջևանում մեծ սղոցարան և տախտակի գործարան ունի։ Այս անձնավորության անունն առաջին անգամ չէ, որ կապվում է անխնա անտառհատումների հետ։ Դեռ 2018թ․, երբ Աշոտ Երիցյանը Տավուշի Սևքար անտառտնտեսության տնօրենն էր, հրապարակումներ եղան այն մասին, թե նա պաշտոնական դիրքը չարաշահելով անտառն օգտագործել է սեփական բիզնեսի համար։ Իջևանցիներն այս մասին մեզ հստակ տեղեկություններ չկարողացան հայտնել, սակայն չհերքեցին նաև, որ տեղի ունեցածը վերադասավորումների հետևանք կարող է լինել։

Մանրամասները՝ տեսանյութում