«Իջևանի վերնատուն» պատկերասրահի նախկին տնօրենը աշխատանքի չհաճախելով՝ ստացել է 5 մլն դրամ աշխատավարձ (տեսանյութ)

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենի թույլ տված ապօրինությունների վերաբերյալ։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Տավուշի մարզային վարչությունների և Իջևանի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականին Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենը հաստատությունում որպես մեթոդիստ գրանցել է մի անձի, որը փաստացի աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 644 000 դրամ, տնօրենը վատնել է։

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված մեկ այլ օպերատիվ տվյալների համաձայն՝ «Իջևանի վերնատուն» պատկերասրահի նախկին տնօրենն է չարաշահումներ թույլ տվել։ Ոստիկանության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա 2016-2018 թթ․ ամուսնու և երեխաների հետ բնակվել է մայրաքաղաքում ու փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն ստացել է ընդհանուր 5 000 000 դրամ աշխատավարձ։

Բացի այդ, պարզվել է, որ աշխատանքի չի ներկայացել նաև պատկերասրահում որպես լրագրող գրանցված մի աշխատակից։ Նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3 000 000 դրամ, տնօրենը վատնել է։

Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։