ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագիծն արդեն մշակել ենք. նախարար

Դատական օրենսգրքում փոփոխությունները նախատեսվում են, մենք արդեն իսկ մշակել ենք նախագիծը և կդնենք հանրային քննարկման: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագծին:

«Միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատարանների և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա, սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե ինքնաբերաբար պետք է բերի հարուցման, այլ հարուցող մարմինն ինքը պետք է գնահատի տվյալ դեպքում դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի կոպիտ խախտում եղե՞լ է, թե ոչ: Վերջում պետք է ԲԴԽ-ը գնահատի՝ կա՞ կարգապահական վարույթի հիմք, թե ոչ»,- մանրամասնեց նա:

Նախարարն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Ռուստամ Բադասյանը նշել է, որ այս պահին որևէ գնահատական չի տա: «Սպասենք հրապարակային դատավարության, եթե իհարկե գործը հասնի այդ փուլին»,- հավելել է Ռուստամ Բադասյանը:

Ինչ վերաբերում է վեթինգի մասին նախագծին, նախարարը նշել է. «Դատական օրենսգիրքը, ինչպես ասացի, մշակվում է: Նախագծի մի հատվածը, որով կարգավորվում է գույքային հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը, գրեթե պատրաստ է»: