Երկու օր ժամանակ ենք տալու, որ մեքենաները մաքսատնից հանեն, այլապես կիրակի տարհանում կսկսենք. Դավիթ Անանյան

Այս տարվա 6 ամիսներին Հայաստան է ներկրվել 68 հազար ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին ողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար ավտոմեքենա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին Կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Կարծում ենք, որ ոչ միայն կրկնապատկվելու է, այլ… եռապատկելը չեմ կարող ասել, որովհետև հնարավոր է, որ ինչ-որ փուլում երկրաչափական պրոգրեսիայով կաճի մեքենաների ծավալները»,-ասաց նա:

Անանյանը նկատեց, որ կա նաև սուբյեկտիվ գործոն. «Նորագավիթի մաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որ մաքսային ձևակերպումն ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի և նաև օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով: Մենք հաղորդագրություն ենք տարածելու, երկու օր ժամանակ ենք տրամադրելու, որ այլ տեղ տեղափոխեն, այլապես կիրակի տարհանման գործընթաց ենք սկսելու»,-ասաց ՊԵԿ նախագահը: