Հայ ռեժիսորն «Էմմի» մրցանակի է արժանացել Հոլոքոստի մասին ֆիլմի համար

Ռեժիսոր Փիթեր Մուսուրլյանը «Էմմի» մրցանակի է արժանացել «Մենախոսություն Հոլոքոստի մասին» վավերագրական ֆիլմի համար։ 52 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը, որը 2018-ի մայիսին ցուցադրվել է PBS հեռուստաընկերությամբ, «Էմմի» մրցանակի է արժանացել «Անկախ ծրագիր» անվանակարգում: Այս մասին գրել է «Asbarez»ը։

Այս տարվա սկզբին Մուսուրլյանը, որը ոչ միայն ռեժիսորն է, այլև սցենարի հեղինակն ու ֆիլմի խմբագիրը, ստացել է լոսանջելեսյան մամուլի ակումբի մրցանակը լավագույն վիդեոգրաֆիայի համար՝ առաջ անցնելով KCET-ի ազդեցիկ թիմի երկու աշխատանքներից։

Ֆիլմը պատմում է Հունգարիայից հրեա տղայի պատմությունը, որը ողջ է մնացել Հոլոքոստից հետո և հուշագրություններում կիսվում է ողբերգական իրադարձությունների հիշողություններով։

Նշենք, որ 2013թ. Փիթր Մուսուրլյանը «Էմմի» մրցանակի է արժանացել «Բրբենքի աֆրիկյան քույր քաղաքը» վավերագրական ֆիլմի համար, որը ցուցադրվել է «Բրբենք» ալիքով։ 2016-ին Մուսուրլյանը և նրա թիմը «Էմմի» մրցանակի են արժանացել «Քաղաքապետի ունեցվածքը» տեսանյութի ստեղծման համար։