ԱՄՆ կառավարությունը մտադիր է դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը․ Հայ դատի գրասենյակն արշավ է սկսել

Tert.am-ի տեղեկացմամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի տրամադրումն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ 2020-ի ֆինանսական տարում օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում հաստատվել էր USAID-ի կողմից Արցախին տրամադրվելիք աջակցությունը:

Աջակցության վերաբերյալ օրենքի նախագիծն առաջին անգամ ԱՄՆ օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում ներառվել է 1998թ. ֆինանսական տարում՝ Կալիֆորնիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի ջանքերով, իսկ հաջորդ տարվա ֆինանսական տարում դրա ներառումն ապահովել էր դեմոկրատ կոնգրեսական Թի Քոքսը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արշավ է նախաձեռնել, որի շրջանակներում խնդրում էր ամերիկաբնակ հայերին զանգով աջակցել երկու կոնգրեսականների՝ USAID-ին ուղղված նամակին, որը աջակցության ծրագիրը շարունակելու հորդոր է պարունակում:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը, ինչի նպատակը ականապատված տարածքների ականազերծումն էր։

«Սա USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում,- գրել է Սուրեն Սարգսյանը։- Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս՝ միանալ Հայ դատի գրասենյակի կազմակերպած արշավին: Նորից եմ ասում, սա լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու: Սա դառնալու է քաղաքական և իրավական նախադեպ, որի հետևանքները բոլորս ենք գիտակցում:

ԱՄՆ-ը աշխարհի միակ պետությունն է ՀՀ-ից հետո, որ չճանաչելով Արցախի անկախությունը ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Ստեփանակերտին»: