Եվ այդպես ոտքի կոխան կլինի մի ամբողջ ժողովուրդ, եթե հոգին չարթնանա և չընկալի՝ որն է չար, որն է բարի, որն է Աստծուց, որը՝ սատանայից

Անտարբերության և հանդուրժողականության անատոմիան

Իմ ընկերոջ դուստրը ամուսնու հետ եվրոպական երկրներից մեկում է ապրում արդեն շուրջ մեկ տարի: Նրանք լավ աշխատանք են գտել այնտեղ, իրենց լավ վարձատրում են: Վերջերս նրանք կարճ ժամանակով վերադարձան Հայաստան, և ես առիթ ունեցա նրանց հետ շփվելու:

Մենք խոսեցինք Հայաստանի ներկա վիճակից, Արևմուտքից եկող այլասերումների պրոպագանդայից, և ինձ համար անսպասելի նրանք սկսեցին պաշտպանել մի տեսակետ, որ ժամանակին չունեին: Ընկերոջս դուստրն ասում էր.

– Իմ աշխատավայրում աշխատում են ամուսիններ, որոնք երկուսն էլ տղամարդ են: Նրանք շատ կարգին մարդիկ են, նրանք ավելի կարգին մարդիկ են, քան այստեղ գտնվող շատերը` վերին աստիճան նրբանկատ են, քաղաքավարի, բարի: Իսկ այստեղ չարությունը կերել է բոլորին: Երևանն ապրելու տեղ չէ:

Ընկերոջս դուստրը և ամուսինը համարում էին, որ ոչ մի վատ բան չկա նրանում, որ միասեռականների օրենք ընդունվի, նրանք օգտվեն հասարակության բոլոր իրավունքներից և ազատ գործեն: Ես մի քանի օր մեր խոսակցության տպավորության տակ էի, ոչ մի կերպ չէի հասկանում` ինչպե՞ս կարող էր Եվրոպան փոխել նրանց հոգին: Ի՞նչ է դա՝ հիպնո՞ս, արթնացած հանդուրժողականությու՞ն, նոր, ձեռքբերովի համոզմու՞նք։ Ցավն այն է, որ երիտասարդների մեջ շատերն են հանդուրժողականություն կամ անտարբերություն ցուցաբերում Արևմուտքից եկող որոշակի, մեղմ ասած, բացասական երևույթների հանդեպ։

Չեմ ուզում խոսել նրանց մասին, որոնք պարզապես հոգնել են քրիստոնեությունից, պատվիրաններից, տաբուներից կամ բարեփոխումներ են պահանջում եկեղեցում, բարոյական և հոգևոր մոտեցումներում, ակնկալում են խմբագրումներ Սուրբ Գրքի ընկալումների մեջ (ինչպես Արևմուտքում): Դրանք էլ են հիմա զգալի տոկոս կազմում մեր հասարակության մեջ: Ինչ արած, Արևմուտքի ազդեցությունը և ժամանակի չար շունչն իրենց գործն անում են: Ուզում եմ խոսել նրանց մասին, ովքեր անտարբերություն են ցուցաբերում կամ հանդուրժողականություն բարոյական և հոգևոր այլասերումների օրինականացումների հանդեպ: Միանշանակ երևում է նրանց մեջ հավատի պակասը կամ, ընդհանրապես, բացակայությունը։ Աստծո ներկայությունը զգացող, պատվիրաններով ապրող մարդը չի կարող չվրդովվել բարոյական և հոգևոր ոչ քրիստոնեական երևույթներից, մանավանդ երբ դրանք առկա են իր տանը՝ հայրենիքում։

Մատթեոսի Ավետարանում Քրիստոս ասում է. «Դուք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի (Մատթ. 5։13)»։ Եվ այդպես ոտքի կոխան կլինի մի ամբողջ ժողովուրդ, եթե հոգին չարթնանա և չընկալի՝ որն է չար, որն է բարի, որն է Աստծուց, որը՝ սատանայից։

Անտարբերությունը, հանդուրժողականությունն Արևմուտքում արդեն վաղուց իրենց դերը կատարել են՝ օրենքների մեջ մտցնելով երևույթների օրինականացումը, որոնց դեմ Աստվածաշունչը անընդհատ խոսում է։ 1990-ական թվականների սկզբին ես ապշած էի ամերիկացի հայտնի պոռնիկ Քսավիերա Հոլլանդերի «Երջանիկ պոռնիկը» գրքի հրատարակմամբ և մասսայական ընդունելությամբ։ Հոլլանդերը գրքի մեջ արդարացնում էր իր մասնագիտությունը, ընդգծում նրա կարևոր և, հասարակական առումով, օգտակար նշանակությունը։ Շատերը նշեցին գրքի, բարոյական առումով, նորարարական և դաստիարակչական դերը, արժեքների վերանայումը։ Արդեն Մադոննայի «Ինչպես եմ ես հավատում Հիսուսին» գիրքը սենսացիա չառաջացրեց այնպես, ինչպես Հոլլանդերի գիրքը, քանի որ այլասերումը, անբարոյականությունը և քրիստոնեությունն արդեն արևմտյան մտածողության մեջ հանդես էին գալիս կոկտեյլային խառնուրդի տեսքով։ Դա արդեն ստերեոտիպ էր և նորմա։ Գրքից առաջ Մադոննան հանդես եկավ «Անկողնում Մադոննայի հետ» ֆիլմով, որտեղ, Քսավիերա Հոլլանդերի նման, գովազդում էր սեքսի ազատությունը, կոմպլեքսներից, բարոյական օրենքներից դուրս ապրելակերպը։ Ըստ երևույթին, Մադոննային մեղադրանք էին ներկայացրել հավատացյալ ժողովրդից շատերը (Մադոննան պատկանում է կաթոլիկ համայնքին), այդ պատճառով էլ նա գրքի մեջ խոսել է իր հավատի և Քրիստոսին նվիրվածության մասին։

Ժամանակակից քրիստոնյա աշխարհի շատ ներկայացուցիչներ խմբագրում են Աստվածաշնչի պատվիրանները՝ թողնելով միայն պատվիրաններից երկուսը՝ հավատ Աստծո հանդեպ և սեր ու ներողամտություն դիմացինի հանդեպ։ Դա նրանց հնարավորություն է տալիս զանց առնել աստվածային պատվիրանները, մասնավորապես նրանք, որոնք կապված են բարոյականության, ընտանիքի և դաստիարակության հետ։ Այդ առումով էլ ոչ մի հակասություն չկա «Անկողնում Մադոննայի հետ» ֆիլմի և «Ինչպես եմ ես հավատում Հիսուսին» գրքի հերոսուհու ողջ ապրելակերպի մեջ:

Բողոքական քարոզիչների մի մասը հենց այդպես խմբագրած էլ մեկնում է Աստվածաշնչի որևէ հատված և գլուխ։ Ոմանք Աստծուն և սատանային ներկայացնում են որպես բարեկամներ։ Նրանք այլևս հակամարտ էություններ չեն, այլ մի ընդհանուր գործ են անում։ Բողոքական քարոզիչներից ոմանք և արևմտյան մշակույթը Աստծուն մարդկային մեղավոր հատկություններ էլ են տալիս՝ գուցեև արդարացնելու համար մարդու մեղավոր բնությունը։ Աստծու այդպիսի բնութագրումն իր տեղն է գտել «Փինք Ֆլոյդ» անգլիական ռոք խմբի 1984 թվականի ձայնասկավառակում։

Աստված ուզում է բարություն:

Աստված ուզում է չարություն:

Աստված ուզում է պատերազմ:

Աստված ուզում է խաղաղություն:

Աստված ուզում է սեր:

Աստված ուզում է կոկաին:

– – – – – – – – – – – – – – – – – – – – –

Աստված մարդու նման է՝ լի արատներով և ցանկություններով։ Ուրեմն՝ մենք մեղավոր չենք կամ այնքան էլ մեղավոր չենք, մեզ Աստված այդպես է ստեղծել։ Փառաբանելով Աստծուն՝ մենք նրա աչքերը փակում ենք մեր մեղքերի և արատների վրա, ստեղծում ենք մեզ համար հնարավորություն ապրելու այնպես, ինչպես ցանկանում ենք։ Կարևորը նրան փառաբանելն է։ Ահա մտածողություն, որ գերակշռում է Արևմուտքում։ Ավելորդ չեմ համարում մեջ բերել Քրիստոսի խոսքը Աստվածաշնչի պատվիրանների մասին։ «Մի՛ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի հովտ իսկ, որ մի նշանախեց է, օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի: Ով որ այս պատվիրաններից փոքրերից անգամ մի բան կջնջի և մարդկանց այդպես կուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր պիտի համարվի, իսկ ով կկատարի և կուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի (Մատթ. 5:17-19)»:

Տպավորությունն այն է, որ հեղափոխությունից հետո ջրի երես եկան մեր հասարակության ապազգային բազմաթիվ տարրեր, որոնց մեջ շատ են մանավանդ երիտասարդները: Նորահայտ մի երիտասարդ խավ, որ աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով կամ հայրենասիրության մասին ուրիշ պատկերացումներով (ինձ համար անհասկանալի), աչքի է ընկնում Հայ եկեղեցու հանդեպ թշնամանքով կամ անտարբերությամբ, թշնամանքով դեպի Արցախը և արցախահայությունը, մանկավարժության, ընտանիքի, բարոյականության, հոգևորի, ընդհանրապես` արժեքների հանդեպ նորովի, մեր ազգին և քրիստոնեությանը ոչ հարազատ վերաբերմունքով: Նրանց մոտ թևավոր խոսք է դարձել «մենք եկել ենք կարծրատիպերը ջարդելու» արտահայտությունը:

Բայց մեր ազգի համար ամենավտանգավոր մարդիկ դրանք չեն, այլ նրանք, ովքեր հանդուրժում են դրանց գործունեությունը կամ պարզապես անտարբեր են մեր ազգի ապագայի հանդեպ: Իր «Անտարբերների դավադրությունը» վեպում լեհ գրող Բրունո Յասենսկին այսպես է գրում. «Մի վախեցիր թշնամիներից. վատագույն դեպքում իրենք կարող են քեզ սպանել, մի վախեցիր ընկերներից. վատագույն դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել: Վախեցիր անտարբերներից. նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց իրենց լուռ համաձայնությամբ են երկրի վրա ապրում դավաճանությունը և սպանությունը»:

Եթե չարիքը կամ պիղծ երևույթները հանդուրժողները կամ անտարբերները մտածում են իմ մի ընկերոջ նման, որ պետք չէ խոսել կամ պայքարել, այդ ամենը ինքնըստինքյան կվերանա, նրանք չարաչար սխալվում են: Փորձը ցույց է տալիս, որ չարիքի դեմ չպայքարողները վերջիվերջո կամ համակերպվում են դրա հետ, կամ ջատագովում: Դա քաղքենիության մշտական դրսևորումներից մեկն է:

Ընդհանրական եկեղեցու մեծ վարդապետներից մեկը` Ս. Բարսեղ Կեսարացին ասում է. «Ով չարիքին նայում է առանց զզվանքի, նա շուտով նրա վրա կնայի հաճույքով»:

Հիշենք 20-րդ դարի հայտնի դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» պիեսը: Քաղաքում ռնգեղջյուր է հայտնվում: Նա սկսում է վազվզել փողոցներով: Մարդիկ սկզբից սարսափահար փախչում են: Մամուլը և հեռուստատեսությունը սկսում են բողոքներ ներկայացնել իշխանությունների հանդեպ, որոնք ջանք չեն թափում` ռնգեղջյուրին բռնելու համար: Շուտով ռնգեղջյուրները շատանում են: Բողոքներն ավելի են աճում: Հետո պարզվում է, որ այդ ռնգեղջյուրները մարդիկ էին, անհայտ պատճառներով ռնգեղջյուր են դարձել: Մարդիկ զանգվածներով սկսում են դառնալ ռնգեղջյուր: Մամուլը և հեռուստատեսությունը, հասարակությունը փոխում են իրենց կարծիքը, սկսում են լավ արտահայտվել այդ գործընթացի կապակցությամբ: Պարզվում է, որ ոչ մի վատ բան չկա ռնգեղջյուր դառնալու մեջ, դրանք շատ հմայիչ կենդանիներ են: Բոլոր մարդիկ դառնում են ռնգեղջյուր, բոլորը, բացի մի երիտասարդից Բերանժե անունով: Այդ երիտասարդը չի դառնում, քանի որ նրա ողջ էությունը բողոքում է դրա դեմ, նա պայքարում է ռնգեղջյուրացման դեմ: Փաստորեն գաղտնիքը նրանում է, որ ողջ էությամբ ատես ռնգեղջյուրացումը, չարիքը, չլինես անտարբեր և հանդուրժող: «Ռնգեղջյուրը» հայտնվել էր 1960 թվականին: Իոնեսկոն, արվեստագետին հատուկ պայծառատեսությամբ, կանխանշել էր Եվրոպայի ռնգեղջյուրացումը, որի ծնողներն են անտարբերությունը և հանդուրժողականությունը:

«Եթե մենք բարի գործերին չձգտենք սիրով և հաճույքով, իսկ մեղքի հանդեպ չունենանք մեծ ատելություն, ի վիճակի չենք լինի ոչ հասնել առաջինին, ոչ խուսափել երկրորդից». ասում էր Ընդհանրական եկեղեցու սուրբ վարդապետ Հովհան Ոսկեբերանը: Այդուհանդերձ, անտարբերները չեն ձգտում բարի գործերի, նրանք ուրիշ չափանիշներով են առաջնորդվում և, ըստ այդմ, Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքն էլ է հնոտիք և կարծրատիպ: Այդ դեպքում գուցե իրենց սթափեցնի Քրիստոսի զայրացած խոսքը` ուղղված Լաոդիկեի եկեղեցու՞ն. «Գիտեմ քո գործերը, դու, որ ոչ սառն ես և ոչ տաք: Երանի դու սառը լինեիր և կամ տաք, իսկ դու գաղջ ես` ոչ տաք, ոչ էլ սառը: Հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից… չգիտես, որ ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր (Հայտ.3:15-17)»: Ահա այդպես ոչ սառն են և ոչ տաք անտարբերները, ամեն ինչի վրա, որ իրենց ձեռնտու չէ կամ չի խանգարում, աչք փակողները, բնավորությամբ անհաստատները, թուլամորթները, անկամները, քնածները, մարդահաճոները, հավատի մեջ շահ փնտրողները… Ահա այդպես ոչ սառն են և ոչ տաք նրանք, ովքեր աչք են փակում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ծավալված վեճերի վրա։ Կարևորը՝ իրենց այդ ամենը չդիպչի, մնացածը էական չէ։ Կքանդվի երկիրը, չի քանդվի՝ դա իրենց չի հետաքրքրում։

«Անտարբերությունը հոգու կաթված է». ասում էր Անտոն Պավլովիչ Չեխովը: Ահա այդպիսի կաթվածի մեջ է ողջ Արևմուտքը, որ կորցրել է իր իրական արժեքները: Ահա այդպիսի կաթվածի մեջ է ընկերոջս դուստրը, որն, ընդամենը, մեկ տարի է, ինչ Եվրոպայում է ապրում: Իսկ բոլորովին վերջերս` 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, նա, շունչը պահած, հետևում էր պատերազմական իրադարձություններին և եկեղեցում մոմ վառում մեր տղաների պահպանության համար: Հրաշք, իսկական հրաշք: Եվ այդպիսի «հրաշագեղ» կաթվածի մեջ են հիմա մեր շատ հայ երիտասարդներ:

Թովմա քահանա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից

Ա Ն Տ Ա Ր Բ Ե Ր Ո Ւ Թ Յ Ա Ն Ե ՎՀ Ա Ն Դ Ո Ւ Ր Ժ Ո Ղ Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Յ Ա ՆԱ Ն Ա Տ Ո Մ Ի Ա ՆԻմ ընկերոջ դուստրը ամուսնու…

Опубликовано Տեր Թովմա քահանա Անդրեասյան Понедельник, 29 июля 2019 г.