Մանվել Գրիգորյանին պատկանող ընկերության գույքը կհանվի աճուրդի

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ՝ ՊԵԿ-ի կողմից այն իրացնելու նպատակով:

Միևնույն ժամանակ դատավորը ՊԵԿ-ին տեղեկացրեց, որ եթե նշված գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գերազանցի 1 մլրդ 2 մլն դրամի չափը, տեղեկացնեն դատարանին:

Նշենք, որ գույքն աճուրդի է հանվելու:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործով Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել դատավորին այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որ ՊԵԿ-ն աճուրդ-վաճառքի եղանակով գույքի իրացում կատարի՝ 1 միլիարդ դրամը գերազանցող շարժական և անշարժ գույքը վաճառի և ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում:

Նամակում, դատավորի փոխանցմամբ, շեշտված էր, որ խոսքը «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի ամբողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից կալանք է կիրառված: