Թուրքիան պետք է առերեսվի 1915թ․հետ․ քուրդ պատգամավոր

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) քուրդ պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը Ստոկհոլմում մասնակցել է ասորիների ցեղասպանությանը նվիրված ժողովին։

«Ermenihaber.am»ի տեղեկացմամբ, մինչ ժողովին մասնակցելը, Բեշթաշը Շվեդիայում հանդիպել է ասորական համայնքի մի շարք  կազմակերպությունների հետ, ինչի ընթացքում անդրադարձ է կատարել  Հայոց ցեղասպանության հարցին, Թուրքիայի իշխանությունների վարած ներքին քաղաքականությանը։

«Գոյություն ունի 1915թ․ ցեղասպանության հարց։ Պետք է առերեսվել դրա հետ և փորձել լուծում տալ։ Հայտնի են Դերսիմի և մի շարք այլ բնակավայրերի կոտորածները: Առերեսումը  լուրջ ներդրում է ունենալու  այդ հարցերի լուծման գործում»,-ասել է պատգամավորը։

Այնուհետև նա անդրադարձել է Թուրքիայում քրդական հիմնախնդրին՝ նշելով, որ թուրքական իշխանությունները մինչև այժմ շարունակում են  խտրական քաղաքականոթյունը քրդերի նկատմամբ։

«Դուք մինչև հիմա արգելք եք սահմանում քրդերենի նկատմամբ։ Մինչև հիմա մայրենի լեզվով կրթություն հնարավոր չէ ստանալ։ 7 հատ կուսակցություն եք փակել։ Այս հարցերը պետք է լուծվեն։ Պետությունը չպետք է միջամտի հավատքի հարցերին։ Պետությունը հավատք և կրոն չունի։ Թուրքիայում միակ բանը, որ ընդունելի է, քաղաքացի հասկացությունն է։ Եթե թուրք ես, սուննի ես, մուսուլման և տղամարդ, ուրեմն ընդունելի քաղաքացի ես, իսկ եթե քուրդ ես, հայ, ասորի և կին ես, ուրեմն ընդունելի չես»,- եզրափակել է քուրդ Բեշթաշը։