Արցախում լինելու իմ վաղեմի երազանքն իրականություն դարձավ․ «Համազգայինի ուսանողական ֆորում-2019»-ի մասնակից (լուսանկարներ)

Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնած «Համազգայինի ուսանողական ֆորում-2019» ծրագրի շրջանակներում եռօրյա այցով աշխարհի տարբեր երկրներից Արցախում են գտնվում 35 երիտասարդ:

«Համազգայինի ուսանողական հավաք-2019» ծրագրի մասնակիցներն այսօր՝ հուլիսի 27-ին, այցելել են Ստեփանակերտի «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն: Կառույցի տնօրեն Սևակ Խաչատրյանը հավաքի մասնակիցներին ներկայացրել է «Ղարաբաղ կարպետ» ընկերության գործունեության, ինչպես նաև ձեռքբերումների մասին:

«Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ասել է, որ արդեն 25-րդ տարին է, ինչ գործում է «Համազգայինի ուսանողական ֆորում-2019» ծրագիրը, որի նպատակն է աշխարհի տարբեր երկրներում ապրող ուսանողներին համախմբել և կազմակերպել հայրենաճանաչողական այց:

«Ծրագրի շրջանակներում սփյուռքահայ եիտասարդները հնարավորություն են ունենում մոտիկից տեսնելու և ճանաչելու Մայր հայրենիքի պատմաճարտարապետական հուշարձաններն ու վայրերը, շփվել մշակութային գործիչների հետ, կազմակերպել դասախոսություններ և զրույցներ: Կայցելենք Շուշի, Գանձասար, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, կշրջենք Ստեփանակերտով, կայցելենք զորամասեր և այլն: Ընդհանուր ծրագիրը երկու շաբաթյա է, որի վերջին երեք օրն անց է ակցվում Արցախում»,- ավելացրել է Հ. Ավագյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը յուրօրինակ կամուրջ է Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության ընդլայնման գործում:

Նա տեղեկացրել է նաև, որ ըստ ծրագրի՝ այսօր ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն ընդունելու է «Համազգայինի ուսանողական ֆորում-2019» ծրագրի մասնակիցներին: Հանդիպմանը Վ. Բալայանը կներկայացնի արցախյան հարցի պատմությունը և կպատասխանի ներկաների հարցերին:

Հավաքի մասնակից հալեպցի Ավո Ալեքսանյանն ասել է, որ ինքն առաջին անգամ է այցելում Արցախ:

«Մինչ Արցախում լինելը, ես տեղյակ էի այս հրաշալի երկրի պատմությանը, բայց լինելով այստեղ՝ ավելի ներշնչվեցի հայրենասիրությամբ, որովհետև պատկերացումներս այսչափ բարձր ու խանդավառ չէին: Ինձ շատ է գրավել Արցախի բնությունը, այստեղ մարդիկ շատ ջերմ են, բարի և անկեղծ»,-մասնավորապես ասել է հավաքի մասնակիցը՝ խոստանալով, որ այսուհետ պարբերաբար կայցելի Արցախ:

Ջավախքցի Սոֆի Ղազարյանն էլ ասել է, որ Արցախում լինելու իր վաղեմի երազանքն իրականություն դարձավ:

«Շատ ուրախ եմ, որ «Համազգայինի ուսանողական ֆորում-2019» ծրագրի շրջանակներում կարողացա գալ Արցախ: Երբ հատեցինք Արցախի սահմանը՝ բոլորս միանգամից ոգևորվեցինք: Մեզ համար մեծ պատիվ է լինել Արցախում: Հաճելիորեն զարմացած եմ` տեսածս գերազանցեց իմ ակնկալիքները»,-ավելացրել է Ս. Ղազարյանը: