Հայկական սերիալները՝ ընդդեմ ազգային արժեքների

Հայկական սերիալները դարձել են մեր առօրյայի մի մասը։ Հասարակության մի հատվածը, ցավոք, դիտում է այդ սերիալները, սակայն ի՞նչ են սովորեցնում դրանք՝ սա հարցի ամենից կարևոր կողմն է։

Մենք աշխարհին ներկայանում ենք որպես հին և ավանդական ժողովուրդներից մեկը, սակայն մեր եթերից ամեն օր մատուցվող սերիալներում հայի կերպարի հակապատկերն է ներկայացվում՝ ծեծ ու ջարդ, սպանություններ, բռնություն և այլն։

Ամեն ինչ արվում է արժեզրկելու հայկական ընտանիքը, աղճատելու եղած դրական պատկերացումները, ոտնահարելու ազգային արժեքները։

Երեխան փոքրուց տեսնելով սերիալներում ներկայացվող իրադարձությունները՝ ինքնաբերաբար այն պրոյեկտում է իրական կյանքի վրա, աշխարհը պատկերացնելով բոլորովին այլ կերպ, իսկ մարդկային հարաբերություններում որպես օրինակ վերցնելով քրեաօլիգարխիկն ու անմարդկայինը։

Փաստ է՝ այն, ինչ ներկայացվում է հայկական սերիալներում, վտանգավոր է մեր հասարակության համար, քանզի հայ իրականության հետ հիմնականում ոչ մի առնչություն չունի։

Եվս մեկ կարևորագույն խնդիր, որի վրա ուշադրություն չի սևեռվում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում հայկական հեռուստաեթերը ողողվեց թուրքական սերիալների ցուցադրությամբ։ Երիտասարդները մեծ խանդավառությամբ և ոգևորվածությամբ դիտում են թուրքական սերիալները՝ կլանվելով այդ մշակույթով։ Այո,՛ հենց մշակույթի, քանզի Թուրքիան շատ լավ ռազմավարություն է մշակել և սերիալներում ներկայացնում է իր «կեղծ մշակույթը»։

Հայկական տոլման ներկայացվում է որպես թուրքական մշակույթի մի մաս, ամեն կերպ փորձում են վեր հանել իրենց ազգային մշակույթի բոլոր տարրերը և այդ տարբերակն աշխատում է։ Խանդավառությամբ դիտում ենք այն երկրի մատուցած սերիալները, որն ընդամենը մեկ դար առաջ իրականացնում էր հայերիս ոչնչացման ծրագիրը։ Չկարծեք, թե հայ ժողովրդին բնաջնջելու պանթուրքիստական ծրագիրն այսօր չի իրականացվում ու մնացել է անցյալում, ամենևին այդպես չէ, այսօր էլ այն կա ու իրականացվում է նորովի՝ նոր գործիքակազմերով։ Դրանցից մեկն էլ մշակութային ներազդեցությունն է, ինչի ապացույցն էլ թուրքական սերիալներն են։

Եվ դա մենք հանդուրժում ենք․ սա՞ է մեր ազգային ինքնասիրությունը։

Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ հայերս, ի պատաասխան թուրքական մշակութային էքսպանսիայի․ ունենք հարուստ մշակութային անցյալ, սակայն ըստ արժանվույնս չենք կարողանում ներկայացնել աշխարհին, մինչդեռ երբ աշխարհը բացահայտում է Հայաստանը՝ հիանում է մեզնով։

Լուսինե Այրապետյան