«Թուրքիայի C-400-ները կարող են գործարկվել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսման դեպքում». ադրբեջանցի ռազմական փորձագետ

Թուրքիայի՝ Ռուսաստանից ձեռք բերած C-400 զենիթահրթիռային համակարգերը կարող են գործարկվել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ «Tert.am»-ի տեղեկացմամբ, այս մասին Minval.az գործակալության հետ զրույցում հայտնել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը:

«Բնականաբար, այդ համակարգերը մեզ օգնություն կցուցաբերեն: Բայց մենք ունենք մեր սեփական С-300-ը, որը ոչնչով պակաս չէ թուրքական C-400-ից, առանձնապես մեծ տարբերություն չկա դրանց միջև: Միևնույն համակարգը, միայն թե փոքր-ինչ արդիականացված»,- հայտնել է Աբիլովը:

Ըստ նրա՝ «Ադրբեջանի երկինքը հուսալիորեն պաշտպանված է»:

«Մենք ունենք ոչ միայն C-300, այլև իսրայելական և բելառուսական սպառազինություն, կան նաև ռուսական այլ համակարգեր: Մենք հավատացած ենք, որ եթե վաղը ռազմական գործողություններ սկսվեն, թուրքական կողմն Ադրբեջանին թև ու թիկունք կլինի և եթե պետք լինի՝ կկրակի, տեղեկատվություն կփոխանցի: Թուրքական բանակն ավելի ժամանակակից է, տեխնիկապես ավելի ապահովված, քան Ադրբեջանինը»,- հավելել է նա:

Այն հարցին, թե արդյոք վերոնշյալ բոլոր սպառազինություններն ավելի ուժեղ են, քան «Իսկանդերները», որոնք Ռուսաստանը նվիրել է Հայաստանին, Աբիլովը պատասխանել է. «Իսկանդերն» այդքան էլ վտանգավոր չէ, որքան փորձում են ներկայացնել: Այն ատոմային զենք չէ, որը կարող է ոչնչացնել Ադրբեջանի կեսը… Իսկ մենք ունենք «Պոլոնեզ», որը տեխնիկական բնութագրերով շատ ավելի որակյալ է, քան հայերի գովելի «Իսկանդերները»: