Կապիտալ վերանորոգվում է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս ճանապարհահատվածը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս և Մատաղիս-Թալիշ ճանապարհահատվածների կապիտալ վերանորոգման աշխատանքները:

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ ասֆալտապատման աշխատանքներն սկսել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս գյուղ, հաշվի առնելով, որ ամառային շրջանում փոշու հետևանքով երթևեկության ժամանակ խոչընդոտներ են առաջանում. այդ ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 10,7 կմ:

Ըստ նախարարի՝ ճանապարհահատվածի մի մասում աշխատանքներն իրականացվում է «Վիրաժ» արտադրական կոոպերատիվի կողմից:

«Այդ հատվածում ավարտվել են հողային աշխատանքները և արդեն մոտ ժամանկներս կսկսվեն ասֆալտապատումը: Իսկ երկրորդ հատվածում, որն իրականացնում է «Քարավան» ՍՊ ընկերությունը, արդեն սկսված են ասֆալտապատման աշխատանքները: Ներկայումս ընդհանուր ճանապարհահատվածից ասֆալտապատվել է 2,4 կմ-ը: Մոտ ժամանակներս ավարտելու ենք այս հատվածի ասֆալտապատման աշխատանքները և սկսելու ենք մյուս հատվածը»,-հավելել է Կ. Շահրամանյանը՝ նշելով, որ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջ:

Կ. Շահրամանյանն ասել է նաև, որ ասֆալտապատումն ավարտելուց հետո իրականացնելու են նշագծման, ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: