ՀՀ ԱԳ-ն ուշադրությամբ հետևում է վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու վերաբերյալ բանակցություններին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև ընթացող բանակցություններին:

Այս մասին հուլիսի 24-ին, Վրաստանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք, բնականաբար, դրա մասին խոսել ենք նաև այսօր և շարունակում ենք հետևել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուցումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա»,- ասել է Մնացականյանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք դա մոտ ապագայի՞ խնդիր է, Մնացականյանը պատասխանել է․«Ես կարող եմ հույս հայտնել, որ դա կարող է լինել, որովհետև բանակցությունների նոր փուլ է մոտենում: Ինչպես դա կընթանա և ինչ առաջխաղացում կարող է լինել… իհարկե հարցին հետևելով և խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ` կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավելի չեմ կարող ասել»,- նշել է ԱԳ նախարարը: