Հակոբ Արշակյանը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա ծրագրերին և գործակցության հնարավորություններին:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, տնտեսության զարգացման համար կառավարության որդեգրած առաջնահերթությունները, նորաստեղծ նախարարության տեսլականը` Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նախարարը իրանցի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019):