Սիգի ձկնագողության ու սիգով պահածոներ արտադրելու հանցավոր բիզնեսի փակագծերը բացենք

ՀՀ գլխավոր դատախազությունը տարիներ շարունակ անտեսել է ԶԼՄ-ների հաղորդումները հանցագործության մասին` կապված Սևանա լճի սիգի ապօրինի և հանցավոր որսի, խոշորամասշտաբ ձկնագողության և դա իրենց թողտվությամբ, ըստ էության, հովանավորող պետական համապատասխան օղակների ու պաշտոնյաների հետ: Այս առումով ՀՀ գլխավոր դատախազությունն անմիջական պատասխանատվություն է կրում «Սիգ» ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում, իր իսկ հայտարարության համաձայն, ավելի քան 44 000 կգ սիգի ապօրինի որսի և իրացման համար:

Ընդգծենք նաև, որ վերոնշյալ 44 000 կիլոգրամը դեռ շատ հեռու է անցած ժամանակաընթացքում (ոչ միայն 2017-2018թթ., ինչպես նշված է ՀՀ դատախազության հրապարակած պաշտոնական տեղեկատվության մեջ) ապօրինի որսված սիգի իրական զանգվածն արտահայտելու համար:

ՀՀ դատախազության պաշտոնական կայքում օրերս հրապարակվեց ««Սիգ» ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018թ. պահածոյացման, արտահանման և այլ նպատաներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. հարուցվել է քրեական գործ» վերտառությամբ մի տեղեկատվություն, որում մասնավորապես նշված է.

«Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել արդյունագործական, գյուղատնտեսական և սոցիալական նպատակներով ձկնորսության, մասնավորապես «Սիգ» ձկնատեսակի օգտագործման ոլորտում: Այդ նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից պահանջվել և ստացվել են նշված ձկնատեսակի որսին, չափաքանակներին, ներմուծմանը, արտահանմանն ու արտադրությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր ու անհրաժեշտ տեղեկատվություն, որոնք ուսումնասիրվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի լույսի ներքո»:

Խնդիրն այն է, թե ՀՀ գլխավոր դատախազությունն ինչո՞ւ է այսքան ուշ արձագանքել ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնց մի մասը հաղորդում է եղել հանցագործության մասին (մեկ այլ խնդիր է, թե որքա՞ն է տևել ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունը, արդյոք չափից ավելի կամ ողջամտության սահմաններից դուրս չի՞ ձգձգվել…): ՀՀ գլխավոր դատախազությունն իր ուսումնասիրության արդյունքում պարզել է այն, ինչն իր հիմնական մասով բազմաթիվ ԶԼՄ-ների ու լրագրողների, ինչպես նաև մեր հանրության մի մասին վաղուց էր պարզ: Եվ ահա թե ինչ նկատի ունենք.

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` «ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2014-2019թթ. հրամաններում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակներ չեն սահմանվել, ինչպես նաև սիգի սիրողական որսի և ձկնորսության պայմանագրեր չեն կնքվել, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքում այս ձկնատեսակի որսն առհասարակ եղել է արգելված,- նշված է ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ տեղեկատվության մեջ:- ՀՀՀՍիգ ձկնատեսակի այլ վայրերում, բացի Սևանա լճից, հանդիպելու, դրա արդյունաբերական կամ արհեստական արտադրության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն չունի: Բացի այդ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013-2019 թթ. Հանրապետություն սիգ ձկնատեսակ չի ներմուծվել»:

Նույն տեղեկատվության մեջ այնուհետ նշված է. «Մինչդեռ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից 2019թ. հունվարին կատարված ստուգմամբ Գեղարքունիքի մարզում գործող ՍՊ ընկերությունում արձանագրվել է պահեստում առկա 2018թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածո: Նշված ընկերության կազմած թվով 20 գնման ակտերի համաձայն` ընկերությունը 2017թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ծովագյուղի ձկան շուկայից ձեռք է բերել շուրջ 11.550 կգ` ընդհանուր շուրջ 5 մլն. 600 հազ. դրամի սիգ ձկնատեսակ, պահեստավորել սառնարաններում և 2018թ. հունվար-փետրվար ամիսներին արտադրել սիգի պահածոներ:

Արարատի մարզում գործող մեկ այլ ՍՊ ընկերությունում կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը ԼՂՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունից 2017թ. դեկտեմբերի 6-ին 4 մլն. 800 հազար դրամով ձեռք է բերել 10.000 կգ սիգ ձկնատեսակ:

Պարզվել է նաև, որ մեկ այլ ՍՊ ընկերության կողմից էլ 2018թ. մարտ-օգոստոս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել շուրջ 14.876 կգ ապխտած սիգ ձուկ:

Նշված ՍՊ ընկերության կողմից դուրս գրված հարկային 2 հաշիվների համաձայն` վերջինս մեկ այլ ՍՊԸ-ից ձեռք է բերել 7.700 կգ կենդանի սիգ ձկնատեսակ` մատակարարման վայրը նշելով Վայոց Ձոր` «Հեր-Հեր» ջրամբար:

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն սիգ տեսակի ձկան ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր կիլոգրամի համար պատճառված վնասի հատուցման նվազագույն սակագինը սահմանվել է 1000 դրամ:

Այսպիսով, հանրապետության տարածքում լիազոր պետական մարմնի կողմից սիգ ձկնատեսակի թե՛ արդյունագործական, թե՛ սիրողական որսի չափաքանակներ նախատեսված չլինելու, ինչպես նաև սահմանված կարգով արդյունահանման և սիրողական որսի համապատասխան պայմանագրեր կնքված չլինելու պարագայում, հանրապետության տարածքում 2017-2018թթ. կատարվել է սիգ ձկնատեսակի ապօրինի արդյունահանում, որի ծավալները վկայում են, որ այն կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առաջացրել է խոշոր` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարի վնաս, իսկ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված սիգ ձկնատեսակները առանձնապես խոշոր չափերով ձեռք են բերվել կամ իրացվել են այլ անձանց կողմից:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու, 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»:

Ընդգծենք, որ հիշյալ ՍՊԸ-ի ձեռք բերած գողոնը չի սահմանափակվում սոսկ վերոնշյալ 11.550 կգ սիգով, քանի որ դրանով պատրաստվել են միայն 2018թ. հունվար-փետրվարին արտադրված սիգի պահածոները: Մինչդեռ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հունվարին կատարված ստուգմամբ հիշյալ ՍՊԸ-ում արձանագրել է պահեստում առկա 2018թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածո, ինչը նշանակում է, որ դրա արտադրության համար օգտագործվել է 6 տոննայից շատ ավելի Սևանա լճից գողացված սիգ:

Ավելին. հիշյալ 6000 կգ պահածոն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ընկերության պահեստում արձանագրվածն է միայն, մինչդեռ մենք ստույգ տեղեկություն ունենք, որ ընկերությունն արտադրել է 6000 կիլոգրամից շատ ավելի պահածոներ և իրացրել մեր հանրապետության առևտրային ցանցում, հնարավոր է նաև` արտերկրում, ինչը, ինչպես նաև 2018թ. մարտին, ինչու ոչ, հնարավոր է նաև նաև դրանից հետո և 2018թ. հունվարից առաջ ձեռք բերված գողոնի և արտադրված պահածոների ընդհանուր զանգվածը պարզելը ՀՀ քննչական կոմիտեի խնդիրն է:

Բնականաբար, հարց է առաջանում` ՀՀ գլխավոր դատախազությունն ինչո՞ւ է այդքան մեղմ ու զգուշավոր, և, ընդհանրապես, մի՞շտ է այդպիսին և այդպիսին եղել, ինչո՞ւ իր հրապարակած տեղեկատվությամբ հանրությանը չի հայտնել Գեղարքունիքի մարզում գործող ՍՊԸ-ի անվանումը, որի պահեստում 2019թ. հունվարին կատարված ստուգմամբ արձանագրվել է 2018թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածոն:

Մեր ձեռքի տակ եղած 01.03.2018թ. արտադրության «Սևանի սիգ» պահածոն թույլ է տալիս ասել, որ այն արտադրել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի Ձկնագետ N1 փողոց հասցեում գրանցված «Գալիլիա» ՍՊԸ-ն: Վերջինիս սեփականատերը, «զարմանալի» պատահականությամբ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է` Հեղուշ Գալստյանը, ընկերության արտադրամասն էլ զոքանչի անունով ձևակերպված տարածք է: Այս փաստը հրապարակայնորեն խոստովանել է հենց ինքը` Վլադիմիր Գասպարյանը: Պետռեգիստրում «Գալիլիա‰ՍՊԸ–ն գրանցված է Հեղուշ Գալստյանի (60 տոկոս) և ոմն Անահիտ Մնացականյանի (40 տոկոս) անվամբ։ Ընկերության հիմնադիրն ու միանձնյա բաժնետերը 2014-ից եղել է Հեղուշ Գալստյանը, որը, սակայն, իր ունեցած բաժնեմասերի 40 տոկոսը 2018թ. հունիսին օտարել է Անահիտ Մնացականյանին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին առաջարկում ենք պարզել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տարածված այն խոսակցությունները, որ վերոնշյալ ընկերության իրական տերը ոչ թե Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է, որի անունով այն պարզապես ձևակերպված է ձևականորեն, այլ հենց Վլադիմիր Գասպարյանը, և որ այդ ընկերությունը կամ Սևանա լճի սիգով ձկան պահածոներ արտադրելու հանցավոր բիզնեսը նրանից բացի, ունի, ունեցել է նաև այլ տեր կամ փայատեր` հանձին ՀՀ շրջակա միջավայրի (նախկինում` բնապահպանության) նախարարության «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի, որը, ըստ fip.am կայքի հրապարակման, 2014-2017թթ. եղել է «Գալիլիա» ՍՊԸ-ի տնօրենը: ի դեպ, ըստ նույն կայքի, «Զարմանալի զուգադիպությամբ «Գալիլիա» ընկերության ֆեյսբուքյան էջի թարմացումներին ուշադիր հետևում են Վլադիմիր Գասպարյանի որդին ու դուստրերը»։

Պատասխանելով Սևանա լճից ձկնագողությամբ ձեռք բերված սիգով պահածոների արտադրության, «Գալիլիա» ՍՊԸ-ի հետ իր առնչության վերաբերյալ լրագրողի հարցին, Վլադիմիր Գասպարյանն ասել է` «Ես կանսերվա զակատ անո՞ղ եմ…»: Դե, իհարկե, ոչ, դրա համար հիշյալ ՍՊԸ-ում բանվորներ կան, բանվորները և մասնագետներն են զբաղվում այդ գործով: Բայց հարցնենք Վլադիմիր Գասպարյանին` «կանսերվա զակատ» անող չեք, բայց «Գալիլիա» ՍՊԸ-ի արտադրած պահածոների փողից հրաժարվո՞ղ եք… Եթե այո, ապա ինչպե՞ս եք դուք կամ ձեր ընտանիքը ձեռք բերել «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ շքեղ ու գերթանկարժեք ապարանքը կամ դղյակը, ըստ մի շարք ԶԼՄ-ների (օրինակ` asekose.am) հրապարակումների, նաև նույնաբնույթ ամառանոցը Սևանա լճի ափին (մնացյալի մասին էլ չխոսենք…):

Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում, կեղծ չե՞ն արդյոք ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության մեջ նշված ընկերության կազմած թվով 20 գնման ակտերը, որոնց համաձայն, «ընկերությունը 2017թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ծովագյուղի ձկան շուկայից է ձեռք է բերել շուրջ 11.550 կգ սիգ ձկնատեսակ», որով 2018թ. հունվար-փետրվարին արտադրել է սիգի պահածոներ»:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին առաջարկում ենք պարզել նաև, թե 11.550 կգ Սևանի սիգը, ինչպես նաև 2018թ. մարտին արտադրված պահածոների համար օգտագործված հազարավոր կիլոգրամների սիգերն իրականում Ծովագյուղի ձկան շուկայի՞ց են ձեռք բերված եղել, ինչպես ներկայացրել է ընկերությունը, թե անմիջականորեն Սևանա լճի սիգի ձկնագողերից, որոնց հանցագործության նկատմամբ տևական ժամանակ ընդամենը ձևական, հերթապահ ցուցանիշներ ներկայացնելով, դրանցով ձկնագողության ու սիգի ապօրինի վաճառքի դեմ պայքարի երևութականություն ստեղծելով, աչք են փակել Վահե Գուլանյանի ղեկավարած «Սևան» ազգային պարկը, Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը (ներկայում` ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն) և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Արդեն հայտնի է, որ «Գալիլիա» ՍՊԸ-ի արտադրած «Սևանի սիգ» պահածոն արտահանվել է նույնիսկ ԱՄՆ: Խոսքը մեծ քանակների մասին է:

Նկատի ունենալով ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից ս.թ. մայիսին սկանդալային կերպով հրաժարական տված Այսեր Ղազարյանին, «Ժողովուրդ» օրաթերթն իր կայքում 2019թ. մայիսի 27-ին գրել է. «Ղազարյանը բացահայտել է, որ չնայած այն բանին, որ վերջին տարիներին, երբ հանրապետությունում սիգի որսը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո` յուղի եւ տոմատի մեջ: Իսկ Բնապահպանության նախարարությունը լռել է` ոչինչ չձեռնարկելով: «Ես պետական եկամուտների կոմիտեից պաշտոնապես վերցրել եմ տվյալներ, թե մի շարք տարիների ընթացքում ինչ ելք ու մուտք է եղել մաքսատնով` կապված Սեւանի պահածոների մասով` սիգը յուղով կամ տոմատի մեջ: Պարզվում է, որ 2018 թվականին եւ 2019 թվականի սկզբին բավականին մեծ քանակությամբ կոնսերվա է դուրս եկել Հայաստանից` 100 հազար տուփով: Եթե կառավարության մի թեւը փորձում է ինչ որ միջացառումներ անել, մյուս թեւը տեղյակ չի՞, որ այդ ամեն ինչը դուրս է գալիս Հայաստանից: Եթե որոշում չկա, որ այդ հարցերը լուծվեն, ուղղակի չեմ կարող այդ ռեկլամի, շղարշի տակ աշխատել» ,- նկատեց փոխնախարարը»:

Այսքանից հետո պարզ է, որ չնայած կոռուպցիայի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններին, ճոռոմ խոսքերին, «թավշյա հեղափոխությունից» հետո և այժմ էլ Հայաստանում կոռուպցիան պահպանվում է, ներառյալ` համակարգային կոռուպցիան և քաղաքական կոռուպցիան, ընդ որում, հենց ՀՀ վարչապետի մակարդակով, այլապես Փաշինյանն աշխատանքից ազատվելու Ղազարյանի դիմումը հաստատելու փոխարեն, անմիջապես պաշտոնանկ կաներ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, որը, ի թիվս ՀՀ պետական այլ պաշտոնյաների, անմիջական պատասխանատվություն է կրում Սևանա լճի սիգի ապօրինի որսի ու դրանով պատրաստված պահածոների արտահանման համար:

ԱԱԾ հրապարակած տեղեկատվության համաձայն, «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են սիգի ապօրինի արդյունահանում: Իսկ հենց «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը  մասնակցություն չի՞ ունեցել կամ անտեղյա՞կ է եղել դրան… 2014 թվականին հիմնադրված «Գալիլիա» ՍՊԸ-ն, որի տնօրենը, ինչպես արդեն նշեցինք, 2014-2017թթ. եղել է նա, 2017թ. հոկտեմբերից առաջ, ասենք, 2017թ. հունվար-մայիս ամիսներին կամ 2016 թվականին Սևանի սիգի պահածոների արտադրությամբ չի՞ զբաղվել…

Ընդգծենք, որ Վահե Գուլանյանը 2011-2016թթ. եղել է Սևանա լճի պահպանության ու նրա ձկնապաշարների վերարտադրության պարտականությունն ունեցող «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտության գծով տնօրենի տեղակալը, իսկ 2017թ. մայիսի 10-ից մինչ օրս նույն ՊՈԱԿ-ի տնօրենն է, այսինքն` շատ լավ իմացել է, տեղյակ է, որ Սևանա լճից սիգի արդյունագործական որս 2011-2018թթ. թույլատրված չի եղել:

Հարց է առաջանում նաև, թե ՀՀ գլխավոր դատախազությունն ինչո՞ւ այդքան մեղմ ու զգուշավոր լինելով, չի հրապարակել, հանրությանը չի տեղեկացրել Արարատի մարզում գործող մեկ այլ ՍՊԸ-ի անվանումը (դատելով ամենից, դարձյալ սիգի պահածո արտադրող), որի ներկայացրած փաստաթղթերի համաձայն, ընկերությունը ԼՂՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունից 2017թ. դեկտեմբերի 6-ին 4 մլն. 800 հազար դրամով ձեռք է բերել 10.000 կգ սիգ ձկնատեսակ: ԼՂՀ-ում գրանցված այդ ո՞ր հասարակական կազմակերպության մասին է խոսքը, ՀՀ գլխավոր դատախազությունն ինչո՞ւ չի նշել այդ կազմակերպության անվանումը, վերջինս այդ սիգը որտեղի՞ց է ձեռք բերել, և մի՞ թե հասարակական կազմակերպության խնդիրն ու գործը սիգի որսով, ձկնագողությամբ կամ վերավաճառքով զբաղվելն է…

ՀՀ գլխավոր դատախազությունը չի հրապարակել նաև մեկ այլ ՍՊԸ-ի անվանումը, որի կողմից 2018թ. մարտ-օգոստոս ամիսներին Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել շուրջ 14.876 կգ ապխտած սիգ ձուկ, չի հրապարակել նաև այն ՍՊ ընկերության անվանումը, որից, ըստ ՌԴ ապխտած սիգ արտահանած ընկերության կողմից դուրս գրված հարկային 2 հաշիվների, վերջինս ձեռք է բերել 7.700 կգ կենդանի սիգ ձկնատեսակ` մատակարարման վայրը նշելով Վայոց Ձոր` «Հեր-Հեր» ջրամբար: Ընդգծենք, որ Հեր-Հերի ջրամբարում 2017 և 2018թթ. արդյունագործական որսի ենթակա այդքան սիգ չի եղել ու հիմա էլ չկա, եթե եղել է և կա ընդհանրապես… Ավելին. Ջոն Աբրահամյանի և ոմն Աբիգի բիզնեսի հետ կապված հիշյալ ջրամբարից ոչ 2018թ., ոչ 2017թ. կամ 2016թ. նույնիսկ կարասի ու խեցգետնի 7700 կիլոգրամի արդյունագործական որս չի թույլատրվել, հետևաբար վերոնշյալ 7700 կգ սիգը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով և, դատելով ամենից, դարձյալ Սևանա լճից, սակայն ներկայացվել է իբրև Հեր-Հերի ջրամբարից ձեռք բերված:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին առաջարկում ենք պարզել նաև, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ ՀՀ-ում սիգի պահածո արտադրող, տեղում վաճառող, արտահանող ընկերությունների ընդհանուր քանակն անցնում է 20-ից:

Ընդգծենք` նաև ըստ մասնագետների, գիտնականների, կարևոր պատճառներից մեկը, որ Սևանա լիճն անցյալ տարի և այս տարի կանաչեց կապտականաչ թունավոր ջրիմուռներով, այն է, որ Սևանա լճի սիգի արդյունագործական պաշարները ձկնագողությամբ գրեթե ոչնչացվեցին կամ ոչնչացվեցին, այսինքն` չկան ձկները, սակայն առաջանում է և կա նրանց կերը, որը չունենալով իր սպառողը, ի վերջո, սատկում է, որպես օրգանական նյութի հսկայական զանգված նստում լճի հատակում, աղտոտում լիճը և խթանում թունավոր ջրիմուռների բուռն աճը:

Արթուր Հովհաննիսյան