ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկվել են արդարադատության համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 22-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակության հետ: ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի քաղաքական երկխոսության և սահմանադրական գործընթացների փորձագետ, քաղաքագետ Ջեյսոն Գլյուկի խնդրանքով Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական համակարգում առկա իրավական հիմնախնդիրները: Ըստ նրա` Հայաստանում դատական իշխանության ներկա վիճակը, թե դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահելիության հետ, թե դատական իշխանության անկախության և դատավորների քանակի ու սոցիալական երաշխիքների առումով համադրելի չէ որևէ կայացած ժողովրդավարական երկրում առկա վիճակի հետ: Թավշյա հեղափոխությունից հետո, ըստ Վլադիմիր Վարդանյանի, իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ բացառելու են և թույլ չեն տալու որևէ միջամտություն դատարանների գործունեությանը: Բանախոսի կարծիքով, սակայն, դատական իշխանության անկախություն նշանակում է ոչ միայն անկախություն գործադիր կամ օրենսդիր իշխանությունից, այլև նախևառաջ որևէ արտաքին միջամտությունից: Այդուհանդերձ, բանախոսը նշել է, որ ցավոք, դեռ դատական համակարգում նկատվում են արատավոր ավանդույթներ և ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել դատավորներից մեկի նկատմամբ:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ միջազգային գործընկերների կարծիքով գործադիրում և օրենսդիրում դրական տեղաշարժերը  նկատելի են, իսկ դատական համակարգում դրական փոփոխությունները ոչ այդքան առերևույթ են: Ըստ նրա՝ դատական իշխանությունը ոչ քաղաքական իշխանություն է, այն օբյեկտիվորեն բավականին պահպանողական է, այդուհանդերձ, դրական դինամիկան անհրաժեշտ է նաև այս ոլորտում:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ԲԴԽ-ին վերաբերող հիմնախնդիրներին, համակարգում առկա ինստիտուցիոնալ, օրենսդրական և այլ բացթողումներին,  առաջիկայում նախատեսվելիք օրենսդրական բարեփոխումների հիմնադրույթներին:

Վլադիմիր Վարդանյանը խոսել է նաև դատաիրավական համակարգում բարեփոխումներին ուղղված անհրաժեշտ գործիքակազմի կիրառման, փաստաբանական գործունեության մասին, կարևորել հայաստանյան հասարակությունում դատավորի և դատական իշխանության նկատմամբ հարգանքի մշակույթի ձևավորումը:

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի  ներկայացուցիչների խնդրանքով հանձնաժողովի նախագահը պարզաբանել է խորհրդարանական վերահսկողության գործառույթներին վերաբերող հարցեր: