Մահացել է Հենրի Մորգենթաուի թոռը՝ հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն

ԱՄՆ-ում մահացել է իրավաբան, քաղաքագետ, նշանավոր Մորգենթաու ընտանիքի անդամներից մեկը՝ Հենրի Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուն:

Իր նշանավոր պապի նման Մորգենթաու Կրտսերը նույնպես պայքարել է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Նա գրել է իր պապի՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի տեսած սարսափելի պատմությունների մասին:

Ռոբերտ Մորգենթաուն մահացել է իր 100-ամյակի շեմին. հուլիսի 31-ին լրանալու էր նրա մեկդարյա հոբելյանը: Նա, ինչպես նաև Մորգենթաու ընտանիքի այլ անդամներ, տարբեր տարիների մեծարվել են ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների կողմից:

«Իրենց ամբողջ պատմության ընթացքում հայերը մեծ խիզախություն են ցուցաբերել զավթիչների տիրապետությանը դիմակայելիս՝ Զեյթունի ապստամբությունը, Վանի պաշտպանությունը և, իհարկե, հայերի Մուսա լեռան պատմական դիմադրությունը,- իր ելույթներից մեկում ասել է Մորգենթաու Կրտսերը:- Թվարկածներից յուրաքանչյուրը արտահայտում էր հպարտ ժողովրդի վճռականությունը, որ հոգով աննվաճելի էր, և չէր պատրաստվում հրաժարվել իր հավատքից և ինքնությունից: Սակայն ամեն անգամ օսմանյան ղեկավարները պատասխանել են ճնշող ուժով, ուժ, որը վերաճեց համատարած ցեղասպանության»։