Այսօր Ակնայի (Աղդամ) ազատագրման 26-րդ տարեդարձն է

Այսօր հայոց ռազմարվեստի ամենափայլուն ռազմագործողություններից մեկի՝ Ակնայի (այլ կերպ Ակնի, Աղդամի) ազատագրման օրն է։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառմամբ, «սա բացառիկ մի դեպք է, երբ հնարամտորեն կիրառվել է գրոհիչ խմբերի և խառը զրահախմբերի մարտավարությունը։ Սա մի օրինակ է, որը պետք է ուսումնասիրել աշխարհի ռազմական ակադեմիաներում»։

Արցախյան պատերազմի հենց սկզբից Աղդամը դարձել էր Ադրբեջանի ռազմավարական հենակետ, որտեղից մշտապես ռմբակոծվում էին մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։

Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը որոշում կայացրեց ազատագրել հայկական պատմական այդ հողակտորը, որտեղ 2000 տարի առաջ հայոց թագավոր Տիգրան Մեծը կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։

Դեռևս 1991թ. փետրվարի 23-ին առանց որևէ դիմադրության ադրբեջանցիները գրավել էին Աղդամում տեղակայված խորհրդային զինված ուժերի 4-րդ բանակի ռազմապահեստները, դրանով իսկ ադրբեջանցիների ձեռքն էր անցել 728 վագոն հրետանային արկեր, 245 վագոն ռեակտիվ արկեր և 131 վագոն հրազենային զինամթերք։ Համեմատության համար նշենք, որ Հայկական ԽՍՀ տարածքում ընդհանուր առմամբ եղել էր ընդամենը 500 վագոն զինամթերք, որի միայն մի մասն էր անցել հայկական բանակին։

Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի, ինչպես նաև Աղդամի հարևան բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախի ինքնապաշտպանության ուժերի առջև խնդիր էր դրվել վերացնել Աղդամի ռազմական հենակետերը, որտեղից թշնամին պարբերաբար 152մմ հեռահար հրանոթներով և «Գրադ» կայանքներով հրետակոծում էր հայկական բնակավայրերը։ Ավելին, քանի դեռ վերացված չէին Աղդամի հենակետերը, առկա էր Ասկերանի ուղղությամբ թշնամու հարձակման վտանգը, որի ժամանակ հաջողության հասնելու դեպքում ադրբեջանցիները կարող էին ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ։

Ամեն ինչից բացի, Աղդամը նաև կոմունիկացիոն կարևոր հանգույց էր։ Այսպիսով ադրբեջանական այդ հենակետի ոչնչացման խնդիրը օր օրի ավելի էր հասունանում և հայկական ուժերի՝ Քարվաճառի ու Մարտակերտի ազատագրումից հետո հաջորդ քայլը պետք է լիներ Աղդամի ազատագրումը։

Աղդամի ազատագրումը համաբանակային գործողություն էր, որին մասնակցում էին Արցախի բոլոր պաշտպանական շրջանները։ Դեռ 1993-ի հունիսին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը։ Այնուհետև, հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Աղդամի ազատագրման գործողությունը, որի հրամանատարներն էին՝ Մոնթե Մելքոնյանը, Մովսես Հակոբյանը, Վիտալի Բալասանյանը։

Աղդամի ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի, Ասկերանի և շրջակա գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ Հակառակորդին հասցվել է ռազմական և բարոյահոգեբանական հարված։ Ռազմական հենակետի վնասազերծումով կաթվածահար է եղել Արցախի Հանրապետության արևելյան և հարավային սահմանների երկայնքով ադրբեջանական կենտրոնացված խմբավորումների գործողությունը և թիկունքային ապահովումը։

Աղդամի ազատագրման ռազմագործողությունը 1993 թվականի հուլիսին տեղի ունեցած մարտական գործողություններից առավել նշանակալի և բեկումնային ռազմական գործողությունն էր։ 1993 թվականի հուլիսից Աղդամը հարակից գյուղերով հանդերձ գտնվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։