Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, սրտաբանի, նյարդաբանի, վիրաբույժի) և լաբորատորգործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են անվճար` ամբողջ բնակչության համար, այդ թվում տարեցների` անկախ սոցիալական կարգավիճակից: ՀՀ ԱՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, 1-ին, 2-րդ և 3-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձինք ընդգրկված են սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում և կարող են օգտվել սահմանված արտոնություններից, մասնավորապես.

Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում. վիրահատական և թերապևտիկ բուժում, այդ թվում՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող հետևյալ բժշկական ծառայությունները (բացառությամբ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց).

1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),

2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,

5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտներով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,

6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,

7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,

8) սրտի կաթետերային աբլացիա,

9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,

10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը),

11) արթրոսկոպիկ վիրահատություններ,

12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները,

13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով,

14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,

15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,

16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանադմություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվելու պետական պատվերի շրջանակներում իրականացվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման ծառայություններից` ըստ բժշկական ցուցումների

Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում. ընդլայնվել է բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և հիվանդությունների ցանկը, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ: Մասնավորապես, պահպանվել է 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաներին (մինչև 18 տարեկան) տրվող արտոնությունը` դեղերը դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց` 50 տոկոս զեղչով տրամադրելու վերաբերյալ:

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից, այդ թվում՝ թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիական բժշկական օգնությունից  ու սպասարկումից, իսկ 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` արտոնյալ պայմաններով` համավճարի սկզբունքով (բացառությամբ ատամի հեռացումը):

Ամբողջությամբ անվճար` պետական պատվերի շրջանակներում ստոմատոլոգիական  բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ 65 և ավելի բարձր տարիքի անձինք, եթե վերջիններս ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում` 30.0, ինչպես նաև ավելի բարձր ապահովության միավոր ունեցողները: Եթե 65 և ավելի բարձր տարիքի անձն ընդգրկված չէ վերոհիշյալ համակարգում, ապա  անվճար տրամադրվում է միայն ստոմատոլոգիական վիրաբուժական բժշկական օգնություն, իսկ թերապևտիկ և օրթոպեդիկ ծառայությունները` համավճարային սկզբունքով: