ՄԱԿ Ժնևյան գրասենյակում հանդիպել են ՀՀ մշտական ներկայացուցիչը և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը

Հուլիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի (Michelle Bachelet) հետ։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին հանդիպման ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։

Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) հետ համագործակցությունը և Միշել Բաչելետին ներկայացրեց վերջին շրջանում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։

Անդրանիկ Հովհաննիսյանն ու Միշել Բաչելետը մտքեր փոխանակեցին Հայաստանի և ՄԻԳՀԳ փոխգործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Գերագույն հանձնակատար Բաչելետը կարևորեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին՝ առանձնահատուկ նշելով ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի շրջանակներում Հայաստանի կողմից կյանքի կոչված նախաձեռնությունները։

Հանդիպման ավարտին դեսպան Հովհաննիսյանը Միշել Բաչելետին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և Հայաստանի ջանքերը խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։