Սվիտալսկին՝ Բաքվում Տուսկի հնչեցրած հայտարարությունների մասին

«Եվրոպական միության դիրքորոշումը ԼՂ  հակամարտության կարգավորման հարցում  չի փոխվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով վերջերս Ադրբեջանում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Դոնալդ Տուսկի արած հայտարարությունը, թե ԵՄ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Մենք հավատում ենք, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք էապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Մեր դիրքորոշումը դա է: Վստահ եմ, որ անհանգստանալու պատճառ չկա այն հարցի վերաբերյալ, թե  ԵՄ-ը փոխել է իր դիրքորոշումը»,- ասել է դեսպանը՝ վստահեցնելով, որ դա այդպես չէ: Դեսպանն ընդունեց, որ ԵՄ-ը իր դիրքորոշումը ժամանակ առ ժամանակ  արտահայտել է տարբեր ձևակերպումներով։ Բայց, նրա խոսքով, այն չի փոխվել: