«Կներեք, յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքն էլ իր ապրուստի փողն է…». Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզի իրադարձությունների մասին

«Կարծում եմ՝ Շիրակի գործարար համաժողովը շատ հարմար առիթ է, որպեսզի բոլորիս հայտնի իրադարձություններից մեկ տարի անց ես խոսեմ Կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների վերաբերյալ, և, ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պիտի անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք և կներկայացնենք՝ որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումն ու ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը»,- Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով մի քանի ձեռքբերումներ՝ վարչապետը նշեց, որ  այս փուլում հաջողվել է արդեն Հարկային օրենսգրքում իրականացրած փոփոխություններով կարևոր քայլ անել.

«Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների բերումով մի քանի մակարդակ ենք դիտում՝ միկրոմակարդակ, այսինքն՝ միկրոբիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, միջին բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, և ավելի մակրո քաղաքականությունը,  որը, թերևս, մեր առաջիկա անելիքների ուշադրության կենտրոնում է լինելու:

Կարևոր եմ համարում արձանագրել, որ մենք նոր շերտ ձևակերպեցինք Հայաստանի տնտեսության մեջ՝ այն անվանելով միկրոբիզնես, և 2020թ. հունվարի 1-ից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները՝ որոշակի գործունեության տեսակի ընկերությունները, ընդհանրապես կազատվեն բոլոր տեսակի հարկերից:

Սրան գումարած՝ այս ընկերություններում ներգրավված աշխատակիցների համար եկամտային հարկը կլինի ոչ թե՝ արդեն սահմանված 22%, այլ՝ 5000 դրամ:

Մենք սա շատ կարևորում ենք ՀՀ քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար: Սա, ըստ էության,  կառավարության աջակցությունն է ՀՀ քաղաքացիներին և կոչը նրանց՝ ի վերջո, որոշակի գործունեություն ծավալել, և մենք այս մակարդակը  դիտում ենք՝ որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև կոռուպցիոն դրսևորումներին ու դրա դեմ պայքարին. «Տնտեսական այն համակարգը, որն օրգանապես, արմատապես կապված էր կոռուպցիայի, կոռուպցիոն համակարգի հետ, երբ տարբեր շարժառիթներով ՀՀ քաղաքացիներին ներքաշում էին ապօրինի գործունեության մեջ, մենք այդ ձևերին ուղիղ ձևով վերջ ենք տալու։ Ես ուզում եմ ընդգծել՝ այս հարցում կոմպրոմիս չի լինելու»:

Ն. Փաշինյանը խոսել է նաև Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում բնակչության դժգոհություններին՝ ընդգծելով, որ կառավարությունը մտադիր չէ ապօրինի որևէ կոմպրոմիսների գնալ.

«Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում հնչում են ձայներ, որ ապօրինի ծառահատումների դեմ պայքարն ինչո՞ւ պետք է այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա ինչ-որ մարդկանց հացի փող է։ Կներեք, սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև, հազար ներողություն եմ խնդրում, 1000 դրամ վերցնող, օրինակ, երբեմնի ճանապարհային ոստիկանի 1000 դրամն էլ իր ապրուստի փողն էր, յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքն իր ապրուստի փողն է։

Կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողն ավազակությունն է։ Ի՞նչ է առաջարկվում։ Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու, որովհետև մենք կարծում ենք, որ ստեղծում ենք բավարար դաշտ, այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որ ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան»: