Խորհուրդներ՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման համար

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ  ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153 հոդվածով:

Այս առումով խորհուրդ է տրվում այն դեպքերում, երբ աշխատատեղերում աշխատանքի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի պարագայում.

  • աշխատողներին հովանալու և հանգստանալու հնարավորություն տրամադրել,
  • ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ` գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունն ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ, ակնոց և այլն,
  • բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն` խմելու ջրի, թանի, հանքային ջրի, լվացվելու միջոցով հովանալու հնարավորություն,
  • բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքային ռեժիմի փոփոխություն` աշխատանքի, հատկապես առավել ծանր և լարված, կատարումը նախատեսելով օրվա զով ժամերին, և աշխատանքի երկարատև ընդմիջում` օրվա շոգ ժամերին:

Առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին և աշխատողներին կիրառել վերը նշված խորհուրդները:

ՀՀ առողջապահության նախարարություն