Դատական նիստը միտումնավոր են ձգձգում. Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ դատարանում այսօր հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքի մասով Դատախազության բողոքի քննությունը:

Նշենք, որ գույքի վրա արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: Ավելի վաղ արգելանք էր դրված նաև Ռ. Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:

Այսօր բողոքի քննության հետաձգման պատճառը դատախազի դատարան չներկայանալն էր, քանի որ մեկ այլ գործով դատական նիստին էր մասնակցում, և որի մասին նա տեղեկացել էր ավելի վաղ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ցանկանում էր շարունակել նիստը, քանի որ Դատախազության կողմից նիստը ձգձգելու միտում էին նկատում:

«Ես առնվազն 4-5 օր առաջ գիտեի նիստի մասին, և Դատախազությունը ևս գիտեր և հնարավորություն ուներ ապահովելու որևէ մեկին այս նիստին: Կարծում եմ՝ այս ամենը միտումնավոր են անում՝ նիստը ձգձգելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ի պատասխան՝ դատավոր Արսեն Նիկողոսյանն ասաց.

«Վստահեցնում եմ, որ ինձ՝ որպես դատավոր, նպատակահարմար էր՝ որքան հնարավոր է՝ արագ լուծել յուրաքանչյուր գործ` չպայմանավորված որևէ անձով, բայց շատ կարևոր է բողոքը ներկայացնողին և դատարանին անհրաժեշտ պարզաբանումները լսել»:

Դատական նիստը նշանակվեց չորեքշաբթի` հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին: