Գյումրու մսի վաճառակետերում դարձյալ արձանագրվել են խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել, ուսումնասիրություններ կատարել Գյումրու շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում:

ԿԵ ՍԱՏՄ լրատվական ծառայության տեղեկացմամբ, մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել էր մսի վաճառքը տվյալ տարածքում։

Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրու շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը:

Սննդամթերքի  անվտանգության տեսչության մարզային ծառայության աշխատակիցները արձանագրել են, որ մի քանի վաճառակետերում մասամբ են բարելավվել պայմանները, իսկ մյուսները սպասում են`առանց միջոցներ ձեռնարկելու:

Մեկ շաբաթ առաջ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները Գյումրու «Լաչինի միջանցք» տարածքի մսի վաճառակետերում տեսան ու արձանագրեցին, որ մսամթերքը պահվում, վաճառվում է պահանջված նորմերին անհամապատասխան պայմաններում, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր տաղավարների աշխատանքը: Մեկ շաբաթ անց տեսչական մարմինը ստուգում է հանձնարարականների կատարման ընթացքը:

Հուլիսի 25-ը վերջնաժամկետ է տարածքում միս վաճառողների համար: Սահմանված ժամկետում վաճառակետերը պետք է ապահովվեն սառնարաններով ու սանիտարահիգիենիկ պայմաններով: Պահանջներից պարտադիրը հոսող տաք ու սառը ջրի առկայությունն է, որը բացակայում է գրեթե բոլոր վաճառակետերում:

«Մի հատ գեյզեր դնելը ինձ թվում է` էդքան դժվար չէ, հավաքվեցինք, պայմանավորվեցինք, մի գեյզեր դնելը, ջուր բերել,  տաղավար մտցնելը խնդիր չէ, հեշտ է կարգավորվում»,- պարզաբանել է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Մկրտչյանը։

«Ջուր չունինք, որտեղի՞ց քաշենք, տեղ չկա, դժվար է ջուր ունենալը, բայց եթե պետք լինի, կքաշենք»,- ասում է մսավաճառներից մեկը։

Մսավաճառները պայմանավորվեցին՝ հոսող ջրի հարցը մինչև հուլիսի 25-ը կլուծեն, իսկ սառնարաններ տեղադրել հազիվ հասցնեն մինչև ժամկետի ավարտը: «Լաչինի միջանցքի» տարածքում միայն մսի բացօթյա վաճառք չէ, որ իրականցվում է, գործում են նաև փակ կրպակներ, որոնց պայմաններն այնքան էլ չեն տարբերվում բացօթյա կետերից: Ստուգումները պարզեցին, որ վաճառվում է փորձաքննություն չանցած մսեղիք։

«Տարբեր տեսակի մսեղիք եք վաճառում, խոզ, տավար, ոչխար, ամեն մեկն իր առանձին փորձաքննությունը պիտի ունենա: Եթե չունեք փորձաքննություն, այդ միսը չի վաճառվելու, իրավունք չունեք»,- ասում է Ալեքսան Մկրտչյանը:

Փորձաքննություն չանցած և ուղեկցող փաստաթուղթ չունեցող գառան մսի վաճառքը տեսչության մասնագետներն արգելեցին: Մսի փորձաքննություն մարզում կատարում է երկու ընկերություն, որոնց մասնագետների տրված եզրակացության հիման վրա է միայն  թույլատրվում թարմ մսի վաճառքը  շուկաներում, խանութներում: Մասնագետներն իրենք պարտադիր պետք է այցելեն  վաճառակետեր:

Մարզային կենտրոնի աշխատակիցներն արձանագրեցին, որ ինչպես նախորդ անգամ, այսօր էլ մսավաճառներից ոմանք չունեին սանիտարական գրքույկներ, ինչը մսի վաճառքով զբաղվելու համար պարտադիր պայման է։

Տեսչական մարմինը նորից է գալու շուկա, բայց հաջորդ անգամ միայն մսամթերքը չէ, որ ստուգվելու է, ուսումնասիրվելու են բացօթյա տաղավարներում, փողոցում վաճառվող մթերքը, այդ թվում` կաթնամթերքը: