Ըստ էության գործ ունենք կոռուպցիոն ցանցի հետ․ Փաշինյանը՝ Իջևանի դեպքերի մասին

Այսօր կառավարության նիստում, անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ ծառահատումն արդեն քրեական հանցագործություն է։

Նա նշեց, որ 2 շաբաթ առաջ ԱԺ-ն ընդունեց օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է ապօրինի ծառահատման դեպքի երկրորդ անգամ կրկնվելու պարագայում անձին քրեական պատասխանատվության ենթարկել։

«Սահմանվել են և՛ կազմակերպված գործողությունների, և՛ շահադիտական նպատակով կատարման դեպքերը, ինչպես նաև տեղափոխման հետ կապված հարաբերությունները»,– ասաց նախարարը։

Անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ու դրանց հետևանքով բախումներին` Գրիգորյանը հայտնեց, որ իջևանցիների հիմնական պահանջը վերաբերում է ծառահատման համար օրինական փաստաթուղթ ունենալուն։

«Խոսքը չի գնում այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին, որովհետև տրամադրվում էր և՛ անվճար թափուկ վառելափայտ, և՛ կա հնարավորություն, որպեսզի բնակիչներն իրենց վառելիքի որոշակի չափը կարողանան բավարարել։ Ամբողջ ակցիայի նպատակն է հնարավորություն ստանալ տեղափոխել փայտը, բայց ոստիկանության ու տեսչական մարմնի կողմից դրված պահակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործընթացի համար»,- ասաց Գրիգորյանը։

Վարչապետն արձագանքեց, որ սա լավ նորություն է, քանի որ նշանակում է, որ անտառը հատողները չեն կարողանում պահակետերում փող տալ և անցնել։

Էրիկ Գրիգորյանը նաև պարզաբանեց, որ մարդիկ մինչև այժմ, մեկանգամյա անտառահատման տոմս ստանալով, ամիսներ շարունակ նույն տոմսը ցույց տալով անընդհատ հատումներ են կատարել։ Այսօր, նրա խոսքով, այլևս հնարավոր չէ նույն տոմսը 1 անգամից ավելի օգտագործել։

Նախարարը հայտնեց, որ այս պահին տասնյակ քրեական գործեր կան հարուցված անտառապահների, անտառապետերի նկատմամբ` ոչ միայն Իջևանի, այլև Լոռու անտառտնտեսություններում։ Կան նաև արձանագրված հազարավոր հատված ծառեր, որոնք նախկինում միտումնավոր չեն հաշվառվել։

«Տպավորություն կարող է ստեղծվել, որ Իջևանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրել և վաճառելով։ Ամենևին էլ այդպես չէ։ Կա մարդկանց շատ նեղ շրջանակ, որոնք երկար տարիներ` իրենց կոռուպցիոն հարցերով ստեղծել են որոշակի լծակներ, ցանց, և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ»,– ասաց վարչապետը։

Նա նաև հիշեցրեց, որ ԱԱԾ–ում կա հարուցված քրեական գործ` կապված հենց այդ ցանցի կառավարման հետ։ Փաշինյանը չբացառեց, որ իջևանյան և հնարավոր այլ դրսևորումները թիկունքից կառավարվում են հենց այդ ցանցի ղեկավարների կողմից։

«Ես հավաստիացնում եմ` ոչ մի ապօրինի գործունեության նկատմամբ կոմպրոմիս չի լինելու։ Եվ այստեղ ոստիկանության, ԱԱԾ մարմինների գործունակության խնդիրն է դրված»,– հայտարարեց Փաշինյանը։