Կաթողիկոսը կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումների անցկացումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսների, միաբանների և քահանաների մասնակցությամբ առկա մտահոգություններին ընդառաջ հուլիսի 16-ին տեղի են ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ լսումներ: Այս մասին տեղեկացրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։

Հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորել է կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։

Փաստաթղթի առնչությամբ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող հիշյալ փաստաթղթի վիճահարույց դրույթներին:

Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանել են նաև ներկաներին անհանգստացնող հարցերին, լուսաբանություններ տվել կոնվենցիայի շուրջ Եվրոպայի Խորհրդի անդամ տարբեր երկրների արձագանքների վերաբերյալ:

Տեղեկատվական համակարգից նշում են նաև, որ փաստաթղթի վերաբերյալ քննարկումները Մայր Աթոռում առաջիկայում կշարունակվեն։