Փաշինյանը հստակ իրազեկված է, թե ինչն է խանգարում Սևանա լճի փրկության համար առաջնային մակարդակի բարձրացմանը, բայց․․․

Մենք արդեն մի շարք հրապարակումներով ներկայացրել ենք Սևանա լճի այն ծանր ու նույնիսկ աղետալի վիճակը, որն այս տարի ևս արտահայտվեց հունիսի 20-ից հետո ի հայտ եկած կապտականաչ թունավոր ջրիմուռների բուռն աճով ու դրա հետևանքով լճի տարբեր հատվածների կանաչելով։

«SOS Սևան» նախաձեռնությունն օրերս բաց նամակով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը, առաջարկել է միջոցառումներ իրականացնել Սևանի փրկության համար: Նամակում մասնավորապես նշված է․

«Նախաձեռնության կազմում են՝ գիտնականներ, հասարակական գործիչներ, Գեղարքունիքի մարզի ակտիվ քաղաքացիներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր հավաքագրել են փաստեր, գիտական հետազոտությունների արդյունքներ, ուսումնասիրություններ, պետական և անկախ փորձագետների կողմից ստացված մոնիթորինգային տվյալների վերլուծություններ:

Ի մի բերելով այս ամենը` նախաձեռնությունը դիմում է ՀՀ կառավարությանը, որպեսզի այն իր ամբողջ կազմով պատասխանատվություն ստանձնի Սևանա լճի փրկության համար:

Ամեն տարի ՀՀ կառավարությունն ընդունում է որոշման նախագիծ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» և հետագայում Ազգային Ժողովն ընդունում է այն: Սակայն, դիտարկելով Սևանա լճի ներկայիս վիճակը, փաստում ենք, որ օրենքի պահանջները թերի են իրականացվում:

Ներկայումս պատասխանատվությունը կրում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որն իր հերթին այդ պատասխանատվության կրող է տեսնում նաև այլ պետական մարմինների` ՀՀ առողջապահության նախարարությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և այլն: Հաշվի առնելով, որ Սևանա լճի խնդիրները բազմազան են և պահանջում են և մասնագիտական, և քաղաքական լուծումներ, պարզ է դառնում, որ մեկ կամ մի քանի պետական կազմակերպություն կարող է միայն մասնակի խնդիրների համար լուծում գտնել` չպատկերացնելով ամբողջական ծավալը և չունենալով համապատասխան լծակներ այդ լուծումները կյանքի կոչելու համար»:

Իր նամակում «SOS Սևան» նախաձեռնությունն առանձնացրել է առաջնային լուծում պահանջող խնդիրը` Սևանա լճի մակարդակի բարձրացումը, նշել, որ խնդրի լուծումը պահանջում է բազմաթիվ լծակների կիրառում, ապա ներկայացրել լճի մակարդակի բարձրացմանը խանգարող հետևյալ կարևոր հանգամանքները.

«1. Սևանա լճի շուրջը կա 1905 մ նիշից ցածր գտնվող թվով 4729 հաշվարկված շինություն, որոնք Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման պարագայում կմնան ջրի տակ:

  1. Պետական նշանակության ճանապարհները, էլեկտրահաղորդման գծերը և այլն, նույնպես կարող են ջրածածկվել: Մինչ օրս կառավարությունը չի առաջարկել ենթակառուցվածքների տեղափոխման միջոցառումների ծրագիր:
  2. Սևան-Հրազդան հիդրոկասկադի բիզնես-շահը Սևանա լճի ջրառի հաշվին:
  3. Ոռոգման համակարգի խիստ անբավարար վիճակը Սևան-Հրազդան ջրատարում և Արարատյան դաշտում: Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների շարունակվող գերշահագործում, ինչը հանգեցրել է Սևանա լճից հավելյալ ջրառների:
  4. Որոտան-Արփա թունելի չշահագործումը, Արփա-Սևան թունելով Սևանա լիճ մտնող ջրի պակասը»:

Նախաձեռնությունն անհրաժեշտ է համարել կատարել Սևանա լճին սպառնացող վտանգների համալիր գնահատում, բարձրացնել Սևանա լճի ջրի մակարդակը հիպոլիմնիոնի պաշտպանիչ շերտի ձևավորման համար, Սևանա լճի ափերը արագ նախապատրաստել Սևանա լճի մակարդակի բարձրացման համար, վերանայել Սևանա լճի մակարդակի բարձրացման նիշը` սահմանելով 1903,5 մ-ից ավելի բարձր նիշ` վերահաշվարկելով Սևանա լճի ջրային բալանսը, ապահովել Սևանա լճի ջրառի առցանց հանրային վերահսկողություն:

«Մինչև ջրի մակարդակի բարձրացման խնդիրն իր պատշաճ լուծումը չստանա, հաշվի առնելով բոլոր նշված հանգամանքները, բոլոր մնացած, գուցե հրատապ միջոցառումները կրում են միջանկյալ բնույթ,- նշված է նախաձեռնության նամակում։- Մյուս գլխավոր խնդիրը Սևանա լճի ջրի որակն է: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները բավարար չեն ջրի որակին գնահատականներ տալու և կոնկրետ լուծումներ կամ տեխնոլոգիաներ գտնելու ուղղությամբ:

Անհրաժեշտ է.

  • պարզել, թե ով, որտեղից և ինչով է աղտոտում Սևանը` մշակելու Սևանա լճի մաքրման միջոցառումների կարգ
  • Սևանա լճում կիրառել նոր տեխնոլոգիաներ լճի մաքրման համար, ինչի համար անհրաժեշտ է մշակել նոր նորմեր և ստանդարտներ, այդ թվում` կապտականաչ ջրիմուռների կողմից արտադրվող թունավոր միկրոցիստինի համար:

Որպես ֆինանսական աղբյուր` Սևանա լճի փրկությանն ուղղված միջոցառումների իրականացման համար օգտագործել 2017 և 2018 թթ. Սևանա լճից իրականացված հավելյալ ջրառի արդյունքում էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած գումարները»:

Բնականաբար, հարց է առաջանում, թե վարչապետն ինչպե՞ս կվերաբերվի նախաձեռնության բաց նամակին ու դրանում շարադրված առաջարկություններին, կընդունի՞ դրանք, կտա՞ համապատասխան հանձնարարականներ, թե կանտեսի դրանք։ Այս առումով լավատեսության հիմքեր, ցավոք, չկան։ Հիշենք, որ «SOS Սևան» նախաձեռնությունն անցյալ տարի, երբ լիճը դարձյալ կանաչեց, նույնպես բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին, հանդես եկել ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի, ներկայացրել որոշակի առաջարկներ, որոնք, սակայն, Նիկոլ Փաշինյանի կողմից անտեսվեցին։ Որպես հիմնավորում, 2018թ․ օգոստոսի 2-ին վարչապետին հասցեագրված նամակում մասնավորապես նշված էր․

«1. Ներկայումս Սևանա լճում տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ լճում սկսվել է ինտենսիվ ճահճացման գործընթաց: Լճում կուտակվում են օրգանական նյութեր, իսկ լճի մակարդակի իջեցումը չի նպաստում Սևանի ինքնամաքրմանը, իսկ բարձր ջերմաստիճանը ակտիվացնում է նոր, ոչ ցանկալի կենսաբանական գործընթացներ, ինչն արդեն հանգեցրել է լճի ծաղկմանը:

  1. Սևանում կապտականաչ ջրիմուռների ծաղկումից հետո այդ ջրիմուռները նստում են լճի հատակին` առաջացնելով թթվածնի դեֆիցիտ: Սա կարող է խիստ ծանր ազդեցություն գործել Սևանա լճի ձկնաշխարհի վրա:
  2. Սևանա լճից հավելյալ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, քանի որ ջրի կորուստը Սևան-Հրազդան ջրատարում կազմում է 70-80 տոկոս, և ջուրը չի հասնում հողագործներին:
  3. 2018թ-ին հունիսի վերջից Սևանա լճի մակարդակը սկսեց իջնել և հետագա իջեցումը կհանգեցնի ջրի որակի փոփոխմանը: Նման իրավիճակում Սևանա լճում քաղցրահամ ջրի փոխարեն մենք կունենանք ճահիճ, որի ջուրն ընդհանրապես անպիտան կլինի ոռոգման համար օգտագործելու:
  4. Ջրային կոմիտեն նշում է, որ հավելյալ 40 միլիոն խմ ջրառից ստացված 38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի շահույթը կուղղվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն: Նշենք, որ չի հրապարակվել, թե ինչ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղվեց 2017 թվականին Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառից ստացված 1 միլիարդ 650 միլիոն դրամը և ով հաստատեց այդ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը:
  5. Սևանա լճից հավելյալ 40 միլիոն խմ-ի ջրառի վերաբերյալ բացասական կարծիք է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությունը․․․»։

Նախաձեռնությունն այնուհետ ներկայացրել էր նախարարության բացասական կարծիքը, որից ավելորդ չենք համարում մեջբերել մի հատված․

«Մարդածին զանազան ներգործությունների արդյունքում Սևանա լճի էկոհամակարգը հայտնվել է խիստ անկայուն վիճակում, լճի ջրահավաք ավազանում ցանկացած նոր սխալ քայլ կարող է կործանարար լինել այս կարևորագույն բնական օբյեկտի և նրա ռեսուրսների պահպանության համար: Հայաստանը՝ որպես էկոհամակարգային մոտեցումը որդեգրած երկիր, պետք է Սևանա լճին վերաբերվի որպես բնական էկոհամակարգի, այլ ոչ թե որպես ջրամբարի» (ընդգծումը՝ մերը)։

Նշված էր նաև, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ըստ ՀՀ օրենսդրության, լիազորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական եզրակացության տրամադրման համար: Իր անցյալ տարվա նամակում նախաձեռնությունը վերոնշյալի հիման վրա առաջարկել էր.

  • «մերժել Ջրային կոմիտեի մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
  • հանձնարարել Ջրային կոմիտեին գտնել միջոցներ` կրճատելու Սևան-Հրազդան ջրատարում ջրային կորուստների ծավալները
  • Սևան-Հրազդան ջրատարից ապօրինի օգտագործվող ջուրն ուղղել Արարատյան դաշտի ոռոգմանը, գտնել լրացուցիչ ջրային ռեսուրսներ ոռոգման դեֆիցիտի լրացման համար և կարճաժամկետ ժամանակահատվածում ներկայացնել այդ սխեման
  • օրինական դաշտ բերել Արարատյան դաշտում գործող այն ձկնաբուծարաններին, որոնք ապօրինի ձևով ձեռք են բերել ստորգետնյա ջրերի գերշահագործման ՋԹ-ներ
  • օրենքի շրջանակ վերադարձնել Արարատյան դաշտում իրականացվող ջրառի ծավալները` ստորգետնյա ջրերի հաշվեկշիռը վերականգնելու համար
  • կանգնեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, որի իրականացման արդյունքում չի լցվում Ազատի ջրամբարը
  • վերանայել Ջրօգտագործման ընկերությունների վարած քաղաքականությունը` հաշվի առնելով հողօգտագործողների շահերը և հասարակայնության կարծիքը»:

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ կառավարությունն անցյալ տարի Ջրային կոմիտեի մշակած կառավարության հիշյալ որոշման նախագիծը մերժելու փոխարեն, անտեսելով «SOS Սևան» նախաձեռնության բաց նամակը, ինչպես նաև բնապահպանության նախարարության բացասական կարծիքը, ընդունեց Սևանա լճից մինչև 40 մլն խմ հավելյալ ջրառի վերաբերյալ որոշում, այն դեպքում, երբ էկոլոգիապես կաթվածահար վիճակում գտնվող լճից նույնիսկ 30 մլն խմ ջրի բաց թողնումը պետք է անթույլատրելի համարվեր, անթույլատրելի, հանցավոր կերպով ջրառ կատարվեց նաև 2018թ․, ինչն էլ պատճառներից մեկը եղավ այս տարի նույնպես Սևանա լճում կապտականաչ թունավոր ջրիմուռների բուռն աճի։

Թե լճի մակարդակի ինչ փոփոխություններ կլինեն այս տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում, դեռ հայտնի չէ, սակայն առաջին կիսամյակի ընթացքում դարձյալ գրանցվել է լճի բացասական հաշվեկշիռ: 2019 թվականի ապրիլի 15-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 49 սանտիմետր բարձրության վրա, ինչը դեռևս 9 սանտիմետրով ցածր էր մնում 2018թ. ապրիլի 15-ին գրանցված նիշից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019թ. հուլիսի 1-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա հուլիսի 1-ին գրանցված 1900 մետր 83 սանտիմետր նիշի դիմաց, այսինքն` լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ին գրանցված նիշից ցածր է եղել 2 սանտիմետրով:

Ընդգծենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն, Սևանա լճից հավելյալ ջրառն անթույլատրելի է այն դեպքում, եթե, ըստ հաշվարկների, դա հանգեցնելու է լիճ լցվող և լճից դուրս եկող ջրային ծավալների բացասական հաշվեկշռի: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեն (նախկինում` ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե) 2012, 2014, 2017 և 2018 թվականներին ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովին ներկայացրել է հաշվարկներ, որոնց համաձայն, Սևանա լճից հավելյալ ջրառը չի հանգեցնելու լճի բացասական հաշվեկշռի ու մակարդակի անկման:

Սակայն 2012, 2014 և 2017թթ. կոմիտեի ներկայացրած հաշվարկները սխալ կամ կեղծ են եղել, նշված թվականներին հաջորդած տարիներին արձանագրվել է լճի բացասական հաշվեկշիռ (ամիսներ հետո նույնը կարող է պարզվել նաև 2018թ. ներկայացված հաշվարկների առնչությամբ)։ Այսինքն՝ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը չի գտնվել իր դերում, չի նկատել կամ չնկատելու է տվել հավելյալ ջրառի հաշվարկներում (որոնց դրական եզրակացություն է տվել) առկա սխալը կամ կեղծիքը (եթե, իհարկե, ընդհանրապես ուսումնասիրել է դրանք), ինչի արդյունքում Սևանա լճից մի քանի տարի հավելյալ ջրառ է կատարվել (օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից ավելի)։

Ուշագրավը նաև այն է, որ հանձնաժողովը որևէ հետևություն չի կատարել նույնիսկ այն բանից հետո, երբ 2013թ. պարզվել է, որ 2012թ. դրական եզրակացություն է տվել եղել կոմիտեի սխալ հաշվարկներին` Սևանա լճից 280 մլն խմ ջուր բաց թողնելու վերաբերյալ:

Արթուր Հովհաննիսյան