Դարձյալ Քարահունջի մասին կամ՝ Ինչպես են արժեզրկում և ոչնչացնում հազարամյակի գանձերը

Աշոտ Փիլիպոսյանի մեկնաբանություններն ու պարզաբանումները մանկամտություն են

Նախ, մինչ Քարահունջի մասին խոսելը, ցանկանում եմ բարձրաձայնել մի շարք սկզբունքների մասին, որոնք պարտավոր է հարգել ցանկացած մասնագետ՝ հուշարձաններն ուսումնասիրելիս։ Հուշարձանների ուսումնասիրությունը հետապնդում է մի շարք նպատակներ`պատմության ոչ հայտնի և կնճռոտ էջերի լուսաբանում, տարածաշրջանի բնակիչների մշակույթի, կենցաղի, սովորույթների, կրոնական պատկերացումների ու ծեսերի մասին մեր պատկերացումների ընդլայնում կամ ճշգրտում, տարբեր դարաշրջաններում տվյալ տարածաշրջանի բնակիչների մշակութային առանձնահատկությունների, մշակույթի զարգացման օրինաչափությունների, էթնիկական կազմի և այլ հարակից հարցերի ուսումնասիրություն:

Ուսումնասիրությունները կարող են ամբողջական լինել, եթե հնագիտական տվյալների ուսումնասիրությունը կատարվում է մարդաբանական, կենսաբանական, դիցաբանական, աստղահնագիտական, լեզվաբանական և հարակից գիտությունների հետ մեկ ամբողջության մեջ: Հայաստանում տարբեր վայրերում կատարվող պեղումները, չնչին բացառությամբ, հիմնականում սահմանափակվում են միայն դամբարանների ուսումնասիրությամբ, ավելի ճիշտ դամբարաններից նյութերը հանելով`հաճախ առանց դրանց գիտական ուսումնասիրություն կատարելու և որոշակի խնդիրներ լուծելու: Բնակավայրերի պեղումները խիստ սահմանափակ են, որով խզվում է բնակատեղիների մշակույթը կրողների և դամբարաններում թաղվածների կապը. Արդյո՞ք միայն դամբարանային նյութերով հնարավոր է պարզել նրանց մշակույթը կրողների էթնիկ կազմը: Կարծում եմ՝ ոչ։ Մի զուգահեռ անցկացնեմ` կապված ժայռապատկերների հետ։ Դրանք փորձել են ուսումնասիրել բնակավայրերի ու դամբարանային պեղումներից անկախ, և այսօր մենք ունենք մի տխուր իրավիճակ, իրարամերժ բազմաթիվ կարծիքներ, ենթադրություններ, որոնցից և ոչ մեկը չի կարող պատասխանել մեկ հիմնական հարցի`ովքե՞ր էին դրանց հեղինակները, ի՞նչ մշակույթի կրողներ էին… Բնակավայրերի պեղումները, որպես կանոն, դամբարանների համեմատ քիչ նյութ են պարունակում, բայց դրանց ուսումնասիրությունը հսկայածավալ հարցերի պատասխան կարող է տալ։ Այդ մեթոդով են առաջնորդվել մեր անվանի հնագետներ Սարդարյանը, Խանզադյանը, Քալանթարյանը, Հարությունյանը, Խնկիկյանը և ուրիշներ, որոնք հնագույն բնակավայրի հետ առնչվող որոշ հարցերի պարզաբանման համար միայն պեղել են բնակավայրի բնակիչների հետ առնչվող մեկ-երկու դամբարաններ և իրենց ուսումնասիրություններն ամփոփել են մենագրություններում: Ըստ որում, հնագետի համար կարևոր նախապայման է`պեղել հուշարձանի միայն 25 տոկոսը, մնացածը թողնել հաջորդ, ավելի զարգացած սերունդներին…

Այժմ փորձենք անցում կատարել Քարահունջ մեգալիթյան բազմաշերտ կառույցին, որը Պարիս Հերունու աստղաֆիզիկական, մաթեմատիկական ուսումնասիրությունների արդյունքում (Պ. Հերունին իր ուսումնասիրություններով դարձավ աստղահնագիտության հիմնադիրը Հայաստանում), նաև հայ և օտար մի շարք հանրաճանաչ գիտնականների դիտարկումներով աշխարհին ճանաչելի դարձավ որպես հնագույն աստղադիտարան՝ տեղ գտնելով օտարալեզու գիտական շատ լուրջ ամսագրերում… Ըստ որում, տարբեր գիտնականների կողմից ուսումնասիրություններ կատարվել են տարբեր մեթոդներով, որոնք հանգեցրել են մի ընդհանուր եզրակացության`Քարահունջը աշխարհի հնագույն աստղադիտարանն է… Բայց արդեն մի քանի տարի Քարահունջում կատարվում են հնագիտական պեղումներ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ: Պեղումների նպատակն ի սկզբանե պարզ է եղել`հերքել Պ. Հերունու ուսումնասիրությունները, հերքել Քարահունջի աստղադիտարան լինելը… Բացվել են «աստղադիտակ» համարվող անցքով քարերի հիմնապատերը, բացվել է կենտրոնական դամբարանը, որի նյութերը առայսօր հրապարակված չեն… և առանց լուրջ հակափաստարկների՝ միանգամից հայտարարվել է, թե Քարահունջը աստղադիտարան չէ, «դամբարանադաշտ» է։ Նշվում է նաև, թե «աստղադիտակ» համարվող քարերի հիմնապատն ունեցել է համալիրի արևելյան մատչելի ուղղությունը պաշտպանելող նշանակություն։ Ըստ հնագետի՝ անցքերով «քարերը նախապես եղել են դամբարանների ծածկասալեր», այնուհետ, իբր «պարիսպ կառուցելուց հետո դրվել են պարիսպների վրա»: Նրանց կողմից նշվում է նաև, թե «աստղադիտակ» համարվող քարերի անցքերը «ձիերի սանձերը կապելու համար» են: Կարելի է հնագետի հայտարարություններից առանձնացնել ևս մեկը, որ կարող է անհեթեթ թվալ, սակայն, մտահոգիչ է․ «Զորաց քարերում (Քարահունջ) աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները»:

Քարահունջը մեգալիթյան հիրավի եզակի կառույց է, որը տեղադրված է Դարբ գետի ձախ ափին՝ լեռներով շրջապատված բաց մի տեղանքում, որից դեպի հյուսիս- արևելք գտնվում է բազմաթիվ ժայռապատկերներով, այդ թվում աստղագիտական նշանակության հայտնի Ուղտասարը: Ուղտասարի ժայռապատկերները թվագրվում են V-II հազարամյակներով (գուցեև ավելի հին են) և կարևոր ապացույց են տեղի մշակույթը կրողների աստղագիտական հարուստ պատկերացումների մասին: Կա՞ արդյոք կապ տեղի մշակույթը կրողների և Քարահունջի մշակույթը կրողների միջև, սա ուսումնասիրության խնդիր է, սակայն Քարահունջի աստղաֆիզիկական, մաթեմատիկական լուրջ ուսումնասիրություններով կատարված եզրահանգումները կարող են վկայել միայն այդ կապի մասին: Մեգալիթյան այս հսկա կառույցի հյուսիսային կողմում նկատելի են հնագույն բնակավայրի հետքեր, որտեղ, ըստ վերգետնյա ուսումնասիրությունների, գտնվել են մ.թ.ա. III-I հազարամյակներով բնորոշվող խեցեղենի կտորներ, մի կարևոր հանգամանք, որ թույլ է տալիս եզրակացնել՝ այս մեգալիթյան կառույցը բազմաշերտ է, բայց թե որ շերտն է ամենից հինը, կպարզեր միայն բնակավայրում պեղումների իրականացումը:

Բնակավայրի պեղումները կարող են տալ մի շարք կարևոր հարցերի պատասխաններ` երբվանից է բնակեցված եղել տարածքը, ինչ մշակույթի կրողներ էին բնակիչները, ինչ կենցաղ էին վարում, նրանց կրոնածիսական սովորույթները, մշակույթի զարգացումը, զարգացման օրինաչափությունները, եղե՞լ է արդյոք մշակույթի փոփոխություն, եթե այո` ինչպիսի, եթե ոչ, ապա ինչ զարգացում է ապրել այն։ Մեգալիթյան կառույցի հարավային կողմում գտնվող դամբարանները բնակավայրի ո՞ր հնագիտական շերտին են պատկանում: Արդյո՞ք դրանք կապված են հնագիտական բոլոր շերտերի հետ: Եվ ամենակարևորը՝ բնակավայրի հնագիտական շերտերից որի հետ են առնչվում մի քանի տոննա կշռող անցքերով քարերը, նաև հենապատը, որի վրա դրված են: Արդյո՞ք այս վերջինը այն նույն մշակույթը կրողների ստեղծագործությունն է, որոնց մասին կարելի էր տեղեկանալ բնակավայրերի բոլոր շերտերն ուսումնասիրելով միայն: Մինչդեռ հնագիտական ուսումնասիրությունները սկսվել են անմիջապես մի դարաշրջանի դամբարանների պեղումներով, որոնք, ըստ Փիլիպոսյանի, մ.թ.ա. II հազարամյակին են պատկանում, զուգահեռ բացվել են «աստղադիտակ» համարվող քարերի հենապատերը: Այս կիսատ-պռատ «ուսումնասիրության» արդյունքում միանգամից հայտարարվում է, թե Քարահունջը աստղադիտարան չէ, այն 4000 տարվա դամբարանադաշտ է… Ներեցեք, բայց սա առնվազն միամտություն է, կարելի է ասել միամիտ ապտակ հնագիտության սկզբունքներին, հնագիտությանն ու իրենց գործին նվիրյալ հնագետներին:

Փորձեմ համառոտ մեկնաբանել Փիլիպոսյանի հայտարարությունները՝ կապված մեգալիթյան կառույցի հետ (մեկնաբանությունների հիմքը նրա հայտնի հայտարարություններն են, քանի որ ծանոթ չեմ հնագետի հինգամյա աշխատանքի հաշվետվություններին, եթե, իհարկե, դրանք գոյություն ունեն): Հենվելով դամբարանի (դամբարանների) նյութերի վրա և դրանք թվագրելով մ.թ.ա.II հազարամյակի սկզբներով՝ հնագետը հայտարարում է, թե Քարահունջը 4000 տարվա դամբարանադաշտ է, չնայած մեկ անգամ շեշտել է, որ այդ մեգալիթյան կառույցում առկա են մի քանի հնագիտական շերտեր, և թե որ հազարամյակին է պատկանում ամենավաղ շերտը՝ հայտնի չէ: Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք անցքերով քարերն իրենց հենապատով կապված են այդ շրջանի թաղումների հետ: Կարծում եմ՝ վաղաժամ է նման հայտարարություն անել հուշարձանի ժամանակաշրջանի առումով, երբ ամբողջովին ուսումնասիրված չեն հատկապես բնակավայրի ստորին շերտերը, առավել ևս հայտարարել, թե Քարահունջը ոչ թե աստղադիտարան է, այլ`դամբարանադաշտ. մանավանդ որ նա ոչ մի լուրջ փաստարկ չի բերում հեղինակավոր գիտնականների եզրահանգումը ժխտելու համար: Այն, որ մեգալիթյան կառույցի տարածքում, ըստ հնագետի, ոչ աստղադիտարանի խողովակն են գտել, ոչ գործիքներ, փաստարկ համարելն անմտություն է, այն պարզ պատճառով, որ Քարահունջը մեր պատկերացումների ժամանակակից աստղադիտարան չէ: Աստղագիտության պատմության մեջ ընդունված կարծիք կա, թե աստղագիտական դիտումների համար կարևոր նշանակություն է ունեցել հորիզոնը: Այս կարծիքը հաստատող իդեալական վայր է Քարահունջը իր տեղադրությամբ: Այժմ կարծեցյալ «պարսպի» և դրա վրա տեղադրված «դամբարանների ծածկասալերի» մասին: Մի պահ ընդունենք, թե Փիլիպոսյանը ճիշտ է, և «աստղադիտակ» համարվող քարերի հիմնապատը պաշտպանական կառույց է: Այս դեպքում ինչու է այն կառուցվել հենց արևելյան կողմում, որտեղ լեռնային զանգվածները արդեն իսկ բնական պաշտպանական միջավայր են ստեղծում մեգալիթի համար, այն դեպքում, երբ հյուսիսային կողմը, ուր բնակավայրի հետքերն են, ավելի անպաշտպան է: Եթե պարիսպ է, ինչ նպատակ է հետապնդել մի քանի տոննա կշռող քարերի տեղադրումը «պարսպի» վրա, գուցե քարերի անցքերից տեղաբնակները պետք է դիտեին մոտեցող թշնամուն կամ դրանք հրելով՝ հարձակվողների վրա գցեին… Գաղտնիք չէ, որ նախնիների գերեզմանները սրբացվել են և դրանց մոտ ամենատարբեր նպատակներով զանազան ծեսեր են կատարվել: Իսկ նախնիների գերեզմանները պղծելը անարգանք է ոչ միայն հանգուցյալի հանդեպ, այլև նրա սերունդների: Եթե համաձայնենք Փիլիպոսյանի հետ, ստացվում է մեր նախնիները, անարգելով իրենց հանգուցյալների գերեզմանները, հանել են դրանց ծածկասալերը, որպեսզի անհասկանալի պատճառներով դժվարությամբ տեղադրեին «պարսպի» վրա… Մեղմ ասած համոզիչ չէ… ավելին՝ մանկամտություն է…

Ի՞նչ նպատակի են ծառայել քարերի վրա արված անցքերը: Ըստ Հերունու և Քարահունջը աստղադիտարան համարող մյուս ճանաչված գիտնականների՝ դրանց նպատակը աստղային երկնքի դիտարկումներն էին, մի բան, որ բավական տարածում է ունեցել Հին Հայաստանում և այսօր էլ առկա է բազմաթիվ ժայռապատկերներում ու հնագույն պաշտամունքային հուշարձաններում: Ըստ Փիլիպոսյանի՝ քարերի անցքերն արված են Դարբի գետի ձորում գտնվող քարհանքից քարերը պարաններով եզների օգնությամբ քաշելու համար: Մեկ այլ կարծիք էլ է հնչեցնում` դրանք ձիերի սանձերը կապելու համար են: Որքան ժամանակ կպահանջվի բազալտե քարերի վրա անցք բացելու համար, այն էլ ոչ մետաղական, նույնիսկ բրոնզե գործիքներով (եթե իհարկե հավատանք նրան, թե հուշարձանը 4000 տարեկան է, այսինքն միջինբրոնզեդարյան) և հարթեցնել այնպես, որ «իբր պարանը չկտրվի»: Հավանաբար երկար ամիսներ, նաև բազմաթիվ քարագործ վարպետների աշխատանք կպահանջվեր՝ հաշվի առնելով անցքով քարերի քանակը: Եվ այս ամբողջ աշխատանքը միայն ու միայն դրանք պարաններով քաշելու համար, երբ կար ավելի պարզ ձև` պարանով կապել քարը չորս կողմից ու քաշել… Գուցե երկնքի դիտարկմամբ ու մաթեմատիկական բարդ հաշվարկների տիրապետող մարդկանց (հատկապես քրմերին) չէր կարող հայտնի լինել քարերը պարանով քաշելու պարզունակ այս ձևը: Իսկ ինչու էր պետք նման ահռելի աշխատանք կատարել, ինչ է, թե քարերի անցքերից պետք է ձիերին կապեին… Երևի այս հարցերի լավագույն պատասխանը կտա հենց ինքը` պրն Փիլիպոսյանը…

Զրուցում էի խոշոր եղջերավոր անասուններ պահող մի գյուղացու հետ: Իմ հարցին, թե կարո՞ղ ենք անասունին պարանով կապել իրենից բարձր ինչ- որ բանից, նա մեղմ ժպտաց միայն (իր գործից իմ անտեղյակության համար)՝  պարզաբանելով, որ պարանը բարձրից կապելով կենդանուն կխեղդենք: Կապված կենդանին անընդհատ շարժվում է, նստում, իսկ այս դեպքում պարանը կարող է փաթաթվել նրա վզին և վիզը սեղմելով խեղդել… Գուցե գյուղացին ամեն ինչ չէ, որ գիտեր, գուցե մեր նախնիները այդ 1, 5-2 մ բարձրությամբ քարերի անցքերից կապելու այնպիսի ձև գիտեին, որ անհայտ է մեզ… Հուսանք, Փիլիպոսյանը իր «ուսումնասիրությունների» արդյունքում կտա նաև այս հարցի պատասխանը… Հավանաբար շարունակելն անիմաստ է:

Կարծում եմ Քարահունջի դեպքում «պեղումների» գերնպատակն ի սկզբանե եղել է ոչ թե մեգալիթյան այս եզակի հուշարձանի ուսումնասիրությունն ու նրա մշակութային առանձնահատկությունների բացահայտումը, այլ հանճարեղ Պ. Հերունուն և մյուս հռչակավոր գիտնականներին նսեմացնելով՝ արժեզրկել կառույցի հիմնական նշանակությունը:

Հ․Գ Քարահունջում պեղումների ժամանակ օգտագործվել է ծանր տեխնիկա, ինչը կարող էր վնասել հուշարձանի մշակութային շերտերը: Նման ծանր տեխնիկայի կիրառման ականատեսն ենք եղել Մոխրաբլուրում, որտեղ պեղումներ է իրականացրել Գր. Արեշյանը` Ա. Փիլիպոսյանի մտերիմ կոլեգան, որը որոշ տեղեկություններով՝ 1980-1990-ական թթ. ինչ-ինչ ուսումնասիրություններ է կատարել Քարահունջում:

Զոհրաբ Մուղդուսյան

Արևելագետ, պատմաբան