«Արմոս» ընկերությունը դատի է տվել Գևորգ Գորգիսյանին

«Արմոս» ՍՊԸ-ը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել ենք, որ հայցվոր կողմը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Գորգիսյանին հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանին: Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել պատգամավորի կողմից հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը։

Հիշեցնենք, որ Գորգիսյանն իր ելույթում, դիմելով փոխվարչաեպետ Տիգրան Ավինյանին, հայտնել էր, որ իրեն են դիմել «Արմոս» ընկերության կոշիկի ձեռնարկության աշխատակիցները և նշել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը: «Բողոքող քաղաքացիների դեմ ընկերությունը սպառնալիքներ է հնչեցրել, նշելով, որ այլ տեղում աշխատանք չեն կարող գտնել»,– հայտարարել էր պատգամավորը։