ԱՄՆ-ը սահմանափակել է Նյու Յորքում իրանցի դիվանագետների տեղաշարժման հնարավորությունը

Միացյալ Նահանգներն զգալիորեն սահմանափակել է իրանցի դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների տեղաշարժման հնարավորությունները, որոնք պաշտոնեական գործուղումներում են գտնվում Նյու Յորքում:

Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։ ԱՄՆ-ը դիվանագիտական նոտա է ուղարկել Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Իրանի ներկայացուցչությանը:

Տեղեկատվության համաձայն՝ իրանցի դիվանագիտական ներկայացուցիչների և նրանց ընտանիքների վրա դրված են նույնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք սահմանվել են նաև Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի նկատմամբ, որը հուլիսի 14-ի Նյու Յորք է ժամանել ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար:

Պատճառները, թե ինչու են իրանցի դիվանագետների նկատմամբ սահմանվել նման սահմանափակիչ միջոցներ, ամերիկյան կողմը չի պարզաբանել: