Մեկնարկել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱՄՆ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 15-ին Atlantic Council կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և զարգացման հեռանկարներին: ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ելույթից հետո ներկա ԱՄՆ պետական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ծավալվել է շահագրգիռ քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր երկրում սպասվող դատական համակարգի բարեփոխումների, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման և այլ հարցերի շուրջ:

Օրվա ընթացքում Ազգային ժողովի խոսնակը National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը և մեդիային աջակցության տրամադրման հարցը:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինտիտուտի փոխնախագահ Սքոթ Մեսքիթին: Կողմերը քննարկել են Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի օրակարգը:

Օրվա ավարտին Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ և մտքեր փոխանակել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների և խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ: