ՄԻՊ-ն ունի օրենքով սահմանված գործառույթ` դատական իշխանության բարձրագույն մարմնին ներկայացնել դատական պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պաշտպանի գրասենյակը նախատեսում են հաջորդ տարի մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը:

Թաթոյանն այս մասին տեղեկացրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում` ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը:

«Հաջորդ տարի նախատեսում ենք մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը, դատական պրակտիկայի կատարելագործմանը վերաբերող հարցերին: ՄԻՊ-ն ունի օրենքով սահմանված գործառույթ` դատական իշխանության բարձրագույն մարմնին ներկայացնել դատական պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ: Դրանից բացի՝ մենք մոնիտորինգի ենք ենթարկում նաև դատական նիստերը և այլ միջոցներով նույնպես իրականացնում ենք մեր աշխատանքները: Դատական համակարգում կարևորագույն նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, և մենք այն գաղափարի ջատագովն ենք, որ ունենանք անկախ դատական իշխանություն»,-ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ի աշխատակազմում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին: Թաթոյանը տեղեկացրեց, որ շուտով կգործի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների իրավունքների պաշտպանության բաժին: Հիմա կանոնադրության մշակման ուղղությամբ աշխատանքներ են տարվում են: Նա վստահեցրեց, որ աշխատանքները տանելու են ինչպես անհատական, այնպես էլ ամբողջ իրավական համակարգում փոփոխությունների մակարդակում:

Թաթոյանն առանձին խմբերի անձանց իրավունքների պաշտպանությունը նույնպես կարևոր համարեց, օրինակ՝ փախստակաների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը: «Բայց նաև կարևոր է և մեծ արդիականություն ունի կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը: Մենք այստեղ, ինչպես նաև մյուս բոլոր հարցերում կարևորում ենք իրազեկվածության մակարդակի բարձրացումն ու համակագային աշխատանքներ տանելը»,-նշեց ՄԻՊ-ը: