Արցախի ԱԱԾ հայտարարությունը՝ դավաճանների կողմից երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքի ազդանշան

Վերջերս Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որում հորդորում էր քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան, քանի որ Արցախի տեղեկատվական դաշտում այսօր առկա մի շարք բացասական երևույթներ՝ բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջև ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում, ինչը կարող է սպառնալիք դառնալ պետության անվտանգության համար։

Եվ իհարկե, հասցեատերերը, որոնց համար նախատեսված էր այս հայտարարությունը, նախազգուշացվեցին՝ Արցախի սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի և դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները:

Այս հայտարարությունը համարում եմ ժամանակին, թեև դա, մեծ մասամբ, վերաբերում է 2020-ին, երբ Արցախի Հանրապետությունում պետք է անցկացվեն հերթական ընտրությունները: Մեզ Հայաստանում ևս պակասում էր նման հայտարարություն, որը կվերաբերեր 2018, ինչու ոչ նաև 2017թ․։ Պատճառները, որոնց համար Արցախի ԱԱԾ որոշել է հանդես գալ և հիշեցնել, որ Արցախն ունի ազգային անվտանգության շահեր, շատ լուրջ են։ Մենք տեսել ենք, թե ինչպես որոշ ուժեր փորձում էին տարածել «փողոցային մանրէները» Արցախում: Ընդ որում, այդ մարդիկ հաշվի չեն առել այն փաստը, որ Արցախը պետություն է, որը շարունակում է մնալ պատերազմական վիճակում, չնայած ձևականորեն տարածաշրջանում իբրև թե զինադադար է:

Սակայն այդ զինադադարը, ինչպես հայտնի է, չխոչընդոտեց ագրեսորներին 2016թ․ապրիլին Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: Հետևաբար, 2016թ․ ապրիլի նախադեպը կրկնելու վտանգը մշտապես կախված է մեր գլխավերևում: Ավելին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի՝ լիակատար մասնակցությունը խաղաղ բանակցություններում վերականգնելու նախաձեռնությունը, մեկ տարվա ընթացքում այդպես էլ գոնե մեկ քայլ առաջընթաց չգրանցեց։ Չկան հիմքեր ասելու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տրամադրությունները փոխելու համար կան նվազագույն նախադրյալներ:

Ի վերջո, մեկ ամիս անցավ Արցախի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի՝ «Առավոտ» թերթին տված հարցազրույցում բարձրաձայնած նախաձեռնությունից, սակայն Հայաստանի իշխանությունները լռում են, և պարզ չէ՝ փաշինյանական Հայաստանը դեմ չէ՞ ԵԱՀԿ ՄԽ-ում Թուրքիայի մասնակցությանը, թե իշխանությունները, պարզապես, չգիտեն՝ ինչ պատասխանել Աշոտ Ղուլյանին:

Եվ ահա, այս իրավիճակում հայտնվեց Արցախի ԱԱԾ հայտարարությունը: Ուրեմն այդ ի՞նչ սրիկաներ են, որ չհայտարարված պատերազմի պայմաններում մտադրվել են «հեղափոխություն» իրականացնել Արցախում:

Ըստ իս, նման ցանկություններ ունեցողները թուրքեր են կամ Ադրբեջանի գործակալներ:

Չեմ ուզում հիմա հեռակա բանավիճել նրանց հետ, ովքեր կրում են այն գաղափարը, թե իբր «Արցախը Հայաստանի մարզն է»:

Բայց ասեմ հետևյալը․ Հայաստանի որևէ իշխանություն իրավունք չունի առևտուր անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ մեր տարածքների շուրջ։ Ես այդ իրավունքը չեմ տվել Հայաստանի որևէ իշխանությանը: Համոզված եմ, շատ հայեր կմիանան իմ այս դիրքորոշմանը: Հայ ժողովուրդը իշխանություններից մեկ բան է ակնկալում ՝ քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով ամրապնդել 1991-94 թվականների ռազմական հաղթանակները: Եվ վերջ: Հայաստանի իշխանությունները որևէ այլ բանի իրավունք չունեն:

Ահա թե ինչի շուրջ այսօր պետք է մենք խոսենք: Մինչև ե՞րբ ենք աչք փակելու այն բանի վրա, որ Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմական իրավիճակում: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը իրականում նշանակում է, որ պատերազմը շարունակվում է: Եվ որքան ռազմաճակատին, հակամարտող բանակների սահմանազատման գծին մոտ, այնքան ավելի խիստ պետք է լինի ռազմական ռեժիմը։

Առաջարկում եմ, որ Արցախի իշխանությունները, հետևելով Արցախի ԱԱԾ հայտարարությանը, անմիջապես հայտարարեն հանրապետության տարածքում պատերազմական ռեժիմի հաստատման մասին: Այդ ռեժիմը պետք է հաստատվի նաև Հայաստանի հետ Ադրբեջանի և Նախիջևանի սահմանակից բոլոր մարզերում: Ես չեմ պահանջում անհապաղ հայտարարել ռազմական դրություն և քաղաքական գործունեության չեղարկում, միայն ասում եմ, որ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով և Արցախի բոլոր շրջաններում պետք է ուժեղացված ռեժիմ լինի, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև իրականացվի ցանկացած քաղաքական գործունեության չեղարկում։

Պատերազմական պայմաններում «հեղափոխությամբ» զբաղվելը դավաճանություն և հանցագործություն է: Իսկ նրանք, ովքեր գիտակցաբար խառնաշփոթ են ստեղծում Արցախում ու տարածում Ջին Շարփի մեթոդական ցուցումները, շատ արագ պետք է մեկուսացվեն հասարակությունից։

Ցավոք, մենք չենք գիտակցում, որ պանթուրքիզմը գործում է՝ հանձին Թուրքիա-Ադրբեջան տանդեմի: Թշնամու հետ «լիբերալիզմ» չեն խաղում: Թշնամուն սեղմում են և հաղթում։ Հուսով եմ, որ Արցախի ԱԱԾ հայտարարությամբ կսկսվի «հեղափոխության միկրոբից» մեր ազգի ազատագրման գործընթացը: Սթափվելու ժամանակն է, հայեր։

 Սերգեյ Շաքարյանց