Ոչ մի իշխանություն չի կարող գնալ հողերը տալու ճանապարհով

Հարցազրույց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

-Պարոն Նավասարդյան, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում հայտարարեց, որ ԵՄ-ը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Սակայն Տուսկը թե՛ Բաքվում, թե՛ Երևանում շրջանցեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորագույն սկզբունքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

-Տուսկի հնչեցրած հայտարարությունը բացարձակ չի համապատասխանում մեր պետական, ազգային շահերին։ Հետաքրքիրն այն է, սակայն, որ նույն Տուսկը, լինելով փորձված դիվանագետ, ինքն իրեն հակասեց։ Տուսկը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի, եթե ռազմական լուծում չունի, ուրեմն նրա խոսքերի ենթատեքստում չպետք է լիներ տարածքների վերադարձման հարցը։

Մենք պետք է կարողանանք միջազգային հանրությանն ապացուցել, որ երբ Արցախը բռնազավթած է եղել Ադրբեջանի կողմից, Արցախի ժողովուրդը ենթարկվել է բռնությունների, կանգնած է եղել ոչնչացման վտանգի առաջ, հետևաբար, Արցախը երբեք չի կարող գտնվել այդ ագրեսոր պետության տարածքում։ Մեր դիվանագիտությունն այս միտքը պետք է մշտապես առաջ մղի, ասել է, թե այստեղ շատ բան ունենք անելու։

Ամեն դեպքերում ես չեմ կարծում, որ Տուսկի հնչեցրած հայտարարություները մեզ համար մեծ ձախողում են, առավելևս չեմ կարծում, որ դա ադրբեջանամետ մոտեցում է, քանի որ այսօր Ադրբեջանի և ԵՄ-ի գործերն էլ այնքան լավ չեն։

Իսկ մենք պետք է բոլոր հարթակներից հստակ ասենք, որ տարածքների զիջման չենք գնալու։

-Վերջին մեկ տարում նաև նկատում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին չի հիշատակվում, սա Երևանի կողմից վարվող քաղաքականության հետևանք չէ՞, և դա չի՞ ընկալվում որպես «տարածքներ խաղաղության դիմաց» վտանգավոր սկզբունքին միտված քայլեր։

-Սա ես կհամարեմ դիվանագիտական անփութության հետևանք։ Մենք պետք է կարողանանք միջազգային բոլոր խաղերում ճկուն դիվանագիտություն իրականացնել։

Մեր դիվանագիտությունը պետք է լինի շատ ակտիվ, նույնիսկ ագրեսիվ, ես բազմիցս եմ նշել սրա մասին։ Սա է, որ մեզ պակասում է։ Այս կրավորական դիրքից պետք է դուրս գալ։

Մեր դիվանագիտությունը 30 տարի շարունակ եղել է պաշտպանողական, հիմա փորձում են անցնել, եթե ոչ հարձակողականի, ապա շատ ակտիվ գործելակերպի, որը ես միանգամայն ողջունում եմ։ Ասել, թե կա հողեր տալու նպատակ, ես դա բլեֆ եմ համարում։ Ես հաճախ եմ ասում ՝ոչ մի իշխանություն, ոչ մի թիզ հող չի կարող տալ։

-Պրն Նավասարդյան, երևանյան ասուլիսի ժամանակ լրագրողները հնարավորություն չունեցան հարցեր ուղղել Դոնալդ Տուսկին, ի՞նչ եք կարծում, հատո՞ւկ էր այս ֆորմատն ընտրված։

-Եթե հատուկ էր ընտրված, եթե գնացել են նման քայլի, ուրեմն սխալ են արել։ Դիվանագիտությունը երկու հարթությամբ է զարգանում․ կա բաց դիվանագիտություն և կա դիվանագիտություն դիսկրետ։ Բայց սա այն դեպքը չէր, որ լրագրողներին զրկեին հարց տալու հնարավորությունից, հակառակը, պետք է հարցերով ճնշեին նրան, ու պահանջեին համարժեք մեկնաբանություն։

Դիվանագիտության մեջ ամեն բան չի բարձրաձայնվում։ Պարզ է, Տուսկ-Փաշինյան փակ հանդիպումից շատ բան չի հրապարակվել, սա հենց փակ դիվանագիտություն է կոչվում։

Տիրուհի Բայբուրդյան