120-ից ավելի տարբեր տեսակի զենիթային հրթիռներ Թուրքիային կմատակարարվի ծովային ճանապարհով. ՏԱՍՍ

Հուլիսի 12-ին Թուրքիա են հասել ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերի պահեստամասերով բեռնված ինքնաթիռները։ Մոտակա ժամանակներում Անկարա կուղարկվի երկրորդ խմբաքանակը, որը կներառի նաև համակարգերի սպառազինությունը։

Այս մասին հայտնել է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։

Աղբյուրը հայտնել է, որ երրորդ փուլով՝ այս ամռան վերջում, Թուրքիային է մատակարարվելու ավելի քան 120 տարբեր տեսակի զենիթային հրթիռներ՝ ծովային ճանապարհով։

Նշվում է նաև, որ թուրք մասնագետների ևս մեկ խումբ է մեկնելու Ռուսաստան՝ վերապատրաստումների։ Եթե մայիս-հունիս ամիսներին վերապատրաստվել էին մոտ 20 մասնագետ, ապա հուլիս-օգոստոսին վերապատրաստման մեկնող խմբում լինելու է 80 մասնագետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակն արդեն հասել է Թուրքիա ու դրանք այժմ տեղափոխում են մայրաքաղաք Անկարայի մոտակայքում տեղակայված «Մյուրդեթ» (նախկին անունը՝«Աքընջը») ավիաբազա։

Թուրքական CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ավիաբազայում վայրէջք է կատարել ռուսական երրորդ բեռնատար ուղղաթիռը։ Նշենք նաև, որ ըստ թուրքական աղբյուրների` առաջին փուլում մատակարարվելու էր մեկ մարտկոց։