Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հասմիկ Գրիգորյանին և Կոնստանտին Օրբելյանին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանին և​ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար​ Կոնստանտին Օրբելյանին:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հասմիկ Գրիգորյանին՝ օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ունեցած մենահամերգի առիթով, որը նվիրված էր երգչուհու հոր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Նախագահն ընդգծել է, որ հաճախ է հանդիպել Գեղամ Գրիգորյանին, ում հետ ունեցել է անձնական բարեկամություն, և ում մեծ արվեստն ու վաստակը գնահատված են ոչ միայն Հայաստանի և հայերի, այլև համաշխարհային հանրության կողմից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հասմիկ Գրիգորյանը նշել է, որ իր մասնագիտական ընտրության և որպես երգիչ կայացման գործում մեծ է եղել Գեղամ Գրիգորյանի ներդրումը: Երգչուհին ներկայացրել է իր առաջիկա ծրագրերն ու անելիքները:

Զրուցակիցները խոսել են երգչուհու մասնակցությամբ Հայաստանում նոր համերգների հնարավորության մասին: