Կարգազանց վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից

Այսօր կառավարության նիստում, անդրադառնալով վերջին ողբերգական վթարներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարգազանց վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից։

«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակն է պարբերաբար և չարամիտ խախտումներ թույլ տվող կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելը»,– ասաց վարչապետը` հիշեցնելով, որ տվյալ նախագիծն ԱԺ–ում է, և այն պետք է հնարավորինս շուտ ընդունվի։

«Կարծում եմ, որ հիմա հատկապես ճանապարհային երթևեկության նկատմամբ պետք է լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն», -ասաց Փաշինյանը` դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Վարչապետը նաև ընդգծեց, որ ՀՀ-ում արդեն մեծ քանակով ավտոմեքենաներ կան և դրանց ներկրումները շարունակվում են, ուստի ոստիկանությունը պետք է հատկապես խիստ լինի ճանապարհային երթևեկության կանոնների պաշտպանության հարցում։

Ոստիկանապետ Օսիպյանը հայտնեց, որ նմանատիպ դեպքեր եղել են նաև անցած տարիներին` հիշեցնելով 2011-ին Արցախի փողոցում 4 կյանք խլած, 2014թ. Երևան-Գյումրի ավտոճանապարհին 7 զոհերի պատճառ դարձած վթարները, որոնց ընթացքում նույնպես վթարից հետո հրդեհ էր բռնկվել։

«ՃՏՊ-ները վերջին տարիներին միտում ունեն աճելու, զուգահեռ աճում են նաև զոհերը։ Օրինակ` 2018թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1 861 ՃՏՊ, 150 զոհ, 2 736 վիրավոր։ 2019-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2 203 ՃՏՊ, 169 զոհ և 3 212 վիրավոր»,- ասաց Օսիպյանը։

Անդրադառնալով ավտոմեքենաների աննախադեպ արագ տեմպերով ավելացող քանակին` ոստիկանապետը հայտնեց, որ 2017թ. Հայաստան է ներկրվել 38 000 տրանսպորտային միջոց, 2018-ին` 73 562, 2019-ի 6 ամիսներին` 54 266 ավտոմեքենա։

Այսուհանդերձ, ոստիկանապետը հավելեց, որ ՃՏՊ–ների պատճառը ոչ միայն ոստիկանության աշխատանքով է սահմանափակվում, այլև փողոցների վատ լուսավորության, տեխնիկական թերի զննության, որը, նրա խոսքով, ուղղակի ձևական բնույթ է կրում։

«Տեխզննում չի իրականացվում։ Ես ամեն օր ամփոփագրեր եմ ստանում, որ տրանսպորտային միջոցն ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը և ընկել է ձորը։ Այսինքն` դրա պատճառը ինչ-որ մի դետալ է, որը մաշվել է, որովհետև մեր ավտովերանորոգողներն ընդամենը փայլեցնում են այն`տալով դրան նոր տեսք»,– ասաց Օսիպյանը։

Ոստիկանապետի պարզաբանումը լսելուց հետո ՀՀ վարչապետը շեշտեց, որ առաջին քայլը կարող է դառնալ վարորդների համար բալային համակարգի ներդրումը, բայց խնդրի ամբողջական լուծման համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ։